Հայաստանը վախենում է Իրանի հետ անգամ տնտեսական գործակցությունը խորացնել. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ Իրանը Հայաստանին հարևան այն երկրներից է, որն ընդհանրապես թշնամական վերաբերմունք չունի, ըստ այդմ՝ Հայաստանը չի կարող իրեն «շռայլություն» թույլ տալ և անտեսել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները․ քանի որ Հայաստանը դեռևս շարունակում է շրջափակված մնալ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այո՛, Հայաստանը, մշտապես «դրոշակ » է դարձնում Իրանի հետ իր հարաբերությունների բարեկամական լինելը, սակայն տնտեսական համագործակցության ոլորտում մեր համագործակցության պտուղներն այդպես էլ չենք տեսնում:
«Բոլորս էլ գիտենք, հայտնի է, որ տնտեսական առումով բավական ցածր մակարդակի վրա է գտնվում մեր համագործակցությունը: Անշուշտ, կա առևտուր, բայց առևտուրը դեռ տնտեսական լիակատար համագործակցություն չի նշանակում»,- նշեց նա:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի ղեկավարների մտահոգություններին, որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ խոսելը մի բան է, իրականությունը՝ այլ բան:
«Բազում անգամներ տարիների ընթացքում համագործակցության ազդակներ են եղել Հայաստանին ուղղված: Բայց այստեղ խնդիրը, որը զսպում է Հայաստանին, բոլորովին այլ է․Հայաստանը տարիների ընթացքում ձևավորել է բավականին լուրջ կախվածություն իր հիմնական դաշնակցից և որևէ տնտեսական կամ քաղաքական աջ և ձախ այլևս ի վիճակի չէ կատարել առանց թույլտվության: Իսկ թույլտվություն հաճախ չի տրվում, որովհետև որևէ մեկը չի ցանկանա, որ իր հետ տարածաշրջանում մրցակիցներ հայտնվեն՝ թեկուզ մի փոքրի վասալային հանրապետությունում»,- նկատեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ կարելի է Հայաստան-Իրան հարաբերությունների մասին գեղեցիկ, քաղաքագիտական տերմիններով մտքեր արտահայտել՝ խուճուճ և խառը, և սքողել այստեղ եղած բացթողումները՝ թաքցնել իրականությունը․ «Իրականությունն այլ է: Հայաստանը վախենում է Իրանի հետ անգամ տնտեսական գործակցությունը խորացնել»:
Մանրամասները տեսանյութում․










