Հայաստանում անկախ դատավորներ չկան. Ռուբեն Մարտիրոսյանը՝ դատական նիստերը պարբերաբար հետաձգելու մասին

21:38 • 15.08.17

Հայաստանում չեն գործում Սահմանադրությունն ու օրենքները: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կալանավորների բողոքներին, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, իսկ կալանավայրերը ծանրաբեռնված են:

Նրա խոսքով՝ հայաստանյան իրականության մեջ ավանդույթ է դարձել դատական գործերը տարիներով ձգձգելը:

«Այսօր մենք կարող ենք փաստել, որ այս խնդրին բախվում ենք, ավելին՝ այս հարցում ոչ միայն դրական տեղաշարժ չեմ տեսնում, այլև հակառակ միտումը կա: Դեռևս 2013 թվականին սպանված Մանուչար Մանուչարյանի գործն առ այսօր դատաքննական փուլում է, 2 անմեղ զինծառայողներ 4 տարի է՝ գտնվում են կալանքի տակ: Ոչ ոք դատական գործերի ձգձգման համար պատասխան չի տալիս: Այս առումով շատ առանձնահատուկ է «Սասնա ծռեր» խմբավորման գործը, որտեղ պարբերաբար ճնշումներ են գործադրում փաստաբանների նկատմամբ, սանկցիաներ են կիրառում, անհարկի պահանջներ են ներկայացնում և այլն»,- ասաց նա:

Իրավապաշտպանը շեշտեց՝ իրեն այս պատկերն ամենևին չի զարմացնում, քանի որ բոլոր գործերի ժամանակ, որոնցով ինքն է զբաղվել, դատարանը քրեական, դատավարական օրենսգրքի հարյուրավոր խախտումներ է թույլ տվել: Նրա կարծիքով՝ կեղծիք ու հանցագործություններ են անում մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է կանխեն հանցագործությունները:

«Հայաստանում այսօր անկախ դատավորներ չկան, մանավանդ, ծանր հանցագործությունների հետ կապված գործերով: Դատավորները կատարում են այն հրամանները, որը նրանց գալիս է վերևից, ինքնուրույն որևէ վճիռ չեն կայացնում: Այսօր  միայն զինվորական գործերով շուրջ 2 տասնյակ զինվորներ ապօրինաբար դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման իրենց չկատարած հանցանքների համար: Իսկ իրական հանցագործները, որոնք դատախազություն, քննչական կոմիտեի կառույցների աշխատողներ են, կոծկում են հանցագործությունները, գտնվում են ազատության մեջ»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ռուբեն Մարտիրոսյանի գնահատմամբ, եթե գործի քննությունը պատշաճ չէ, անհարկի ձգձգվում է, հետևաբար, մեկուսարանները  ծանրաբեռնված կլինեն: Նրա հավաստմամբ՝ մեկուսարաններում քնելու տեղեր չկան, ավելին՝ շատ անգամ մարդիկ հերթով են քնում կամ էլ չեն քնում: Իրավապաշպանի դիտարկմամբ՝ հասարակական կազմակերպություններն անուշադրության են մատնում խնդիրը, դրա համար էլ ոլորտում կարգավորում չի լինում:

 

ՀեղինակԱնի Օհանյան