Գրենական պիտույքները չեն թանկացել, բայց դրանց գներն առանց այդ էլ սարսափելի են․ Արմեն Պողոսյան
Ըստ վերջին տվյալների՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ աշակերտական համազգեստի գներն աճել են 7 տոկոսով, իսկ գրենական պիտույքները չեն թանկացել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
«Պայուսակն ու գրենական պիտույքները թեև չեն թանկացել, բայց երեխային դպրոց գնալու պատրաստելու համար առանց թանկանալու էլ սարսափելի գներ են շուկայում։ Միթե՞ ամեն ծնող կարող է 16 կամ 25 հազար դրամ վճարել իր երեխայի պայուսակի համար,- նշեց նա։
Արմեն Պողոսյանի խոսքով՝ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար համեստ ընտանիքները 50 հազար դրամի շրջանակներում ծախս պետք է անեն, որը կներառի գրենական պիտույքները, աշակերտական համազգեստը և պայուսակը։
«Ոչ պակաս կարևոր է գնվող ապրանքների որակը։ Անցած տարի ծնողն ինձ դիմել էր, որ օգոստոսի 30-ին երկու պայուսակ էր գնել երեխաների համար և սեպտեմբերի 1-ին երկուսն էլ պատռվել էին։ Այստեղ հարցը ոչ այնքան պայուսակն է, որքան ավելի կարևոր է այն, որ երեխայի տոնը խաթարվեց»,- հայտնեց փորձագետը։
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը նաև նշեց, որ Հայաստանում 30 տոկոսից ավելի աղքատության պարագայում այդ ընտանիքներում զավեշտ կլինի խոսել դպրոցական հագուստ կամ պայուսակ գնելու մասին, քանի որ նրանք կարողանում են միայն հացի խնդիր լուծել։
«Կա այդպիսի խավ, որի մտքով չի էլ անցնում նոր կոշիկ, նոր պայուսակ գնել։ Այս խնդիրը կլուծվի, երբ Հայաստանում միջին աշխատավարձը գերազանցի սպառողական զամբյուղի ծավալը, և ոչ միայն միջինը, այլ նաև նվազագույնը։ Պետք է լինի տնտեսական քաղաքականության պլանավորում, որը պետության զարգացման հիմքերից հիմքն է,- ասաց նա։
Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում միջին հաշվով տարեկան 6 տոկոս գնաճ է տեղի ունենում, իսկ երեք տարվա կտրվածքով դիտարկելու դեպքում՝ 20 տոկոս։ Ըստ նրա՝ սա համաշխարհային տենդենց է, գները չեն կարող չաճել, բայց առաջադեմ երկրներում դրան զուգահեռ աճում են նաև եկամուտները և վերջին հաշվով գնանկում է լինում։ Իսկ Հայաստանում եկամուտները չեն համապատասխանում ապրանքների գներին։










