CNN-ը հրաժարվել է գովազդային եթեր տրամադրել Թրամփին աջակցող հոլովակի համար

10:21 • 16.08.17

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրաժարվել է գովազդային եթեր տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող հոլովակի համար:

Թրամփի ընտրական շտաբի կոմիտեի պաշտոնական կայքում նշվում է, որ կիրակի թողարկված հոլովակն արգելափակվել է CNN մալուխային հեռուստաալիքի կողմից:

Պարզվում է, որ այն ժամանակ, երբ Թրամփի շտաբի ներկայացուցիչները փորձել են իրականացնել գովազդային եթերի գնման ստանդարտ գործարք, CNN-ն արգելափակել է հոլովակը՝ գրաքննության ենթարկելով Թրամփի ուղերձն ամերիկացիներին, որում ասվում է, թե նրա «պլանն աշխատում է»:

Թրամփի ներկայացուցիչները հիշեցնում են, որ մայիսին նույն հեռուստաալիքն արդեն արգելափակել է նախագահի հոլովակը, ինչն ապացուցում է, որ «CNN-ը հեռարձակում է միայն իր սուբյեկտիվ դիրքորոշումը»:

Ավանդական հոլովակը թողարկվել է Թրամփի պաշտոնական YouTube-ի ալիքում: Հոլովակում ասվում է, որ նախագահ Թրամփի նախընտրական պլանն իսկապես աշխատում է՝ ի հեճուկս լրատվամիջոցների հարձակումների ու իր դեմ դուրս եկող պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների:

Ընդ որում՝ հոլովակում երևում են նաև նախագահի վարչակազմի ընդդիմախոս մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ այդ թվում CNN-ից: