Հայերը, Բարսելոնայի մնացած բնակիչների նման, ունեն նույն անհանգստություններն ու վախերը, որ ահաբեկչությունը հնարավոր է կրկնվի.Իսպանիայում ՀՀ դեսպան

20:35 • 18.08.17

Հայ համայնքը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ընդհանուր առմամբ, հանգիստ է․ Tert.am-ի հետ զրույցում ասաց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ նշելով, որ, իհարկե, հայերը, ինչպես Բարսելոնայի մնացած բնակիչներն ունեն նույն անհանգստություններն ու վախը, որ հնարավոր է՝ ահաբեկչությունը կրկնվի:

«Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել և՛ համայնքի, և՛ տեղական իշխանությունների հետ, պարզել ենք, որ տուժածների մեջ հայեր չկան: Մեր կողմից անելու բան այլևս չկար»,- ասաց նա:

Նշեց, որ կարծում է՝ շուտով համայնքը կվերադառնա իր բնականոն կյանքին, հայր սուրբը իր պատարագը կանի, համայնքը կհավաքվի: «Խուճապը չկա համայնքում: Խուճապը, ընդհանուր առմամբ համայնքում չէ, այլ ընդհանրապես Բարսելոնայում է»,- նշեց նա:

Իսպանիայում ՀՀ դեսպանը նաև նշեց, որ իրենք հիմա էլ պարբերաբար հայ համայնքի կապի մեջ են՝ օրը մի քանի անգամ: «Դեսպանությունն աշխատում է հերթապահության ռեժիմով, մասնավորապես այս օրերին: Եվ  ընդհանրապես ամռանը՝ հատկապես հուլիս և օգոստոս ամիսներին հյուպատոսական ծառայությունն աշխատում է էլ ավելի, քանի որ Իսպանիան զբոսաշրջային երկիր է, և Հայաստանից էլ են շատ քաղաքացիներ գալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Լա Ռամբլա զբոսաշրջային փողոցում հավաքված մարդկանց: Ավելի ուշ Դիագոնալ պողոտայում անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել ոստիկանների: Ժամեր անց նույն օրը Ամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ փորձել է ահաբեկչություն իրականացնել՝ վրաերթի ենթարկելով անցորդներին:

Կատալոնական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչությունների արդյունքում վիրավորվել է 34 երկրի քաղաքացի, որոնց թիվը գերազանցել է 100-ը: Տուժածների մեջ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հայեր չկան: