«Կումայրիի» ծրագրի իրականացման համար ներդրողներ պետք է գան, իսկ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն. Վարդևան Գրիգորյան

20:56 • 18.08.17

Գյումրին որպես զբոսաշրջային կենտրոն զարգանալու է, բայց դա թանկ հաճույք է, այժմ ամեն ինչ կախված է ներդրումներից: Tert.am-ի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը հիշեցրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե ներդրողը պաշտպանված չեղավ, չի գա, իսկ այժմ Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն:

«Այսօր, որ ասենք կախարդական փայտիկով Կումայրի արգելոցը դարձնենք լուրջ տուրիստական կենտրոն, այդպես չէ: Ներդրողները պետք է գան, բայց հիմա մենք խնդիր ունենք՝ նրանք պաշտպանված չեն: Կարծում եմ՝ օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է կատարենք, որը կնպաստի ներդրողի՝ Գյումրի գալուն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի կատարած իր առաջին այցի ժամանակ հայտարարել էր քաղաքը որպես տուրիստական կենտրոն զարգացնելու մասին: Գյումրու զարգացման ծրագրով նախատեսվում է քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական կորիզի վերականգնում իրականացնել: «Կումայրի» պատմական կենտրոնի նախագիծը նախատեսում է Գյումրու 2 փողոցում ստեղծել պատմական տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքներ: Ծրագիրը տևելու է 2 տարի: Գյումրու պատմական կենտրոնի զարգացման ներդումային ծրագրի իրականացման համար ստեղծվել է ներդրումային ֆոնդ:

Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ հանրությանը տեղյակ չէ ծրագրի իրականացման մանրամասներից, միայն ասվել է, որ այդտեղ տուրիստական կենտրոն են ցանկանում կառուցել:

«Երևում է, որ «Կումայրի» արգելոցում աշխատանքները սկսել են, մի փողոցում տեսնում եմ, որ ինչ-որ աշխատանքներ տարվում են: Վարչապետը հայտարարում է՝ Գյումրին կարող է տուրիստական կենտրոն դառնալ, ես նրա հետ համամիտ եմ, բայց նորից եմ կրկնում՝ պետք է ներդրումներ կատարվեն»,- նկատեց նա:

Պատգամավորը նշում է, որ հայրենասիրությունը կարևոր է այս ծրագրի իրականացման հարցում, բայց բիզնեսմենի համար շատ ավելի կարևոր է, թե նա ինչ եկամուտներ է ինքը ունենալու: