Մարդիկ օվկիանոսի ահռելի ալիքի պես սկսեցին առաջ վազել. Բարսելոնայի ահաբեկչության ականատեսները պատմել են կատարվածի մասին (տեսանյութեր)

10:48 • 18.08.17

Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված Fiat-ը մխրճվել է ամբոխի մեջ:

Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  

 



Ականատեսների խոսքով, երբ մեքենան վերջապես կանգ է առել, փողոցը լի է եղել գետնին ընկած տասնյակ մարմիններով. ոմանք տեղում մահացել են: Շոկի մատնված ներկաներն օգնության են շտապել վիրավորներին:

Ստեղծված քաոսային իրավիճակում լսելի են եղել խուճապահար ծնողների բղավոցները, որոնք գոռացել են իրենց երեխաների անունները ՝ փորձելով այդ խառնաշփոթի մեջ գտնել նրանց: Հայտնի է, որ զոհերի թվում կա մեկ երեխա:

 



Սակայն ականատեսների մեծ խումբ վախեցել է դուրս գալ խանութներից, եկեղեցիներից ու ռեստորաններից՝ վախենալով, որ ահաբեկչությունը կարող է կրկնվել:

Բրիտանացի զբոսաշրջիկ Սյուզան Մաքլինը, որն ամուսնու հետ հանգիստն էր վայելում Բարսելոնայում, պատմել է անցած գիշերվա սարսափելի իրադարձությունների մասին. «Հանկարծակի հարյուրավոր մարդիկ միանգամից բղավեցին, նրանք օվկիանոսի ահռելի ալիքի պես սկսեցին առաջ վազել՝ յուրաքանչյուրի դեմքին վախի ու սարսափի զգացողությունը դրոշմված»:

 



Մինչդեռ Ամեր Անվարը, որն ահաբեկչության պահին եղել է փողոցին կից ռեստորաններից մեկում, պատմել է, որ հարյուրավոր մարդիկ մի ակնթարթում լցվել են ռեստորան: Նրանք խուճապահար էին ու իսպաներենով ինչ-որ բան էին բղավում:

Նշվում է, որ համընդհանուր խառնաշփոթի մեջ բազմաթիվ մարդիկ են տուժել հրմշտոցից: Եղել են դեպքեր, երբ երեխաներին են ոտնատակ տվել:

 



Բրիտանական աղբյուրը հավելում է, որ Կատալոնիայի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել դուրս չգալ հյուրանոցներից:

Մինչդեռ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը 2 ամիս առաջ նախազգուշացրել էր Կատալոնիային այն մասին, որ Լաս Ռամբլաս փողոցում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։