Չինաստանում բացվել է առաջին առցանց դատարանը

15:30 • 18.08.17

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում բացվել է առաջին ինտերնետային դատարանը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Այն բացելու որոշումը կայացվել է երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 36-րդ նստաշրջանի ժամանակ, որն ուղղված է եղել Չինաստանում բարեփոխումների բազմակողմանի խորացման ծրագրին:

Յուրօրինակ այս դատարանը զբաղվելու է կիբեռհանցագործությունների, առցանց պարտային պայմանագրերի և համացանցում հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ գործերով:

Ամբողջ դատական գործընթացը՝ սկսած հայցի ներկայացումից մինչև քրեական գործի հարուցում, տեղի է ունենալու դատարանի կայքի միջոցով:

Նշենք, որ չինական այս քաղաքում կիբեռհանցագործությունների վերաբերյալ դատական բողոքներն աննախադեպ մեծ թիվ են կազմում: 2013թ.-ին երկրի դատարանը քննել է այդպիսի 600 գործ, անցյալ տարի այդ թիվը հասել է 10.000-ի: