Իսպանիայում ահաբեկչությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 4-րդ մարդուն
Հյուսիսարևելյան Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ չորրորդ անձն է ձերբակալվել։ Այդ մասին հայտնել է կատալոնական ոստիկանությունը, գրում է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 14 մարդ է զոհվել և վիրավորվել 130-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը որոնում է 18-ամյա Մուսա Ուքաբիրին, ով ենթադրվում է, որ պատասխանատու է Բարսելոնայի ահաբեկչական հարձակման համար:
Սկզբնապես որպես կասկածյալ է հայտարարվել նրա եղբայրը՝ 28-ամյա Դրիս Ուքաբիրը: Նա այնուհետև ներկայացել է Բարսելոնայից հյուսիս՝ Ֆրանսիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռիպոլ քաղաքի ոստիկանություն: Ոստիկանությունը նրան ձերբակալել է, երբ նա հայտնել է, որ իր եղբայրը վերցրել է իր ID փաստաթղթերը:
Երեկ Մուսայի եղբոր և մեկ այլ կասկածյալի ձերբակալությունից հետո, ոստիկանությունն այսօր Ռիպոլում ձերբակալել էր երրորդ կասկածյալին՝ 34-ամյա մարոկկացու:
Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:
Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվում է 1 զոհի մասին: Ոստիկանները սպանել են հինգ կասկածյալներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:










