Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է իր գլխավոր ստրատեգին

23:09 • 18.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր ստրատեգ Սթիվեն Բենոնն ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենոնին հրաժարական տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հեռացվել է: Սպիտակ տան աղբյուրը հաստատել է Բենոնի հեռանալու փաստը, սակայն չի մեկնաբանել՝ արդյոք նա ինքնակամ է հեռացել, թե ոչ:

Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը վերջին օրերին դժգոհ է եղել իր գլխավոր ստրատեգից, հատկապես երբ վերջինիս հարցազրույցներից մեկի ժամանակ հակադարձել էր Թրամփին՝ կապված Հյուսիսային Կորեային առնչվող հարցի հետ: 


The New York Times-ն, իր հերթին, գրում է, որ ԱՄՆ նախագահը համարում էր, որ Բենոնը պարբերաբար գաղտնի տեղեկություններ է փոխանցել լրագրողներին։ Թրամփը նաև նկատել էր, որ Բենոնը սկսել է իրեն վերագրել իր գրանցած հաջողությունները։