Թուրք նախարարը հայտնել է Ռուսաստանի հետ առևտրային սահմանափակումների վերաբերյալ գրեթե բոլոր հարցերի լուծման մասին

16:43 • 18.08.17

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ թուրքական կողմը և Ռուսաստանը լուծել են առևտրային սահմանափակումների վերացման վերաբերյալ գրեթե բոլոր հարցերը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք լուծել ենք առևտրային սահմանափակումների վերաբերյալ գրեթե բոլոր հարցերը: Մնացել է մեկ-երկու փոքր հարց, որոնք վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին՝ մսին, կաթնամթերքին, թռչնամսին: Մենք պայմանավորվել ենք բոլոր հիմնական հարցերի շուրջ: Ես վստահ եմ, որ մինչև հոկտեմբերի 20-ը, երբ մենք կրկին կհանդիպենք Կազանում միջկառավարական հանձնաժողովի նիստին, բոլոր խնդիրներն ամբողջությամբ լուծված կլինեն»,- ասել է նախարարը:


Ռուսաստանը Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարումների էմբարգո էր սահմանել 2016 թվականի հունվարի 1-ին՝ ի պատասխան թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում ռուսական Սու-24-ի կործանմանը: Այնուհետև սահմանափակումները մասամբ վերացվել են:


2017 թվականի հունիսի սկզբին կառավարությունը չեղարկել է բացի լոլիկից թուրքական այլ ապրանքների մատակարարումների նկատմամբ գործող էմբարգոն: