Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան

11:37 • 19.08.17

 

2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս,  Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան: 

Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին: 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է կարատեով և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:

Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել էր բանակ և ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։

Նա սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի էր ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել էին շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։


Ադամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և  Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալներով:

Այսօր Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը: