Գերմանական Der Spiegel-ն իր հերթական համարի շապիկին պատկերել է Թրամփին «Կու Կլուքս Կլան»-ի գլխարկով (լուսանկար)

11:22 • 19.08.17

Գերմանական Der Spiegel հրատարակությունն իր հերթական համարի շապիկին պատկերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Կու Կլուքս Կլան» աջ ծայրահեղական կազմակերպության գլխարկով։


ԱՄՆ նախագահի պատկերի կողքին գրված է՝ «Դոնալդ Թրամփի իրական դեմքը»։


Նշենք, որ ամերիկյան մի շարք գործիչներ կարծում են, որ Թրամփը ոչ պատշաճ գնահատական է տվել Շառլոթսվիլում տեղի ունեցած իրադարձություններին։ Մասնավորապես, հայտնի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը կոչ էր արել ԱՄՆ նախագահին ուղիղ պատասխան տալ ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորմանը:


Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ օգոստոսի 12-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատու են «երկու կողմերը»: Շվարցենեգերն իր հերթին նշել է, որ անհանդուրժողականությունը և ատելությունը չեն կարող երկու կողմ ունենալ:

Հիշեցնենք, որ Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մրխճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Հայտնի է, որ սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է: