74-ամյա ճապոնացի լեռնագնացը 1 շաբաթ սնվել է միայն շոկոլադով՝ սպասելով փրկարարներին

18:25 • 20.08.17

Ճապոնական Ալպերի հյուսիսային շրջանում մոլորված տարեց լեռնագնացը կարողացել է մեկ շաբաթ բնակվել լեռներում՝ միայն շոկոլադ և ջուր օգտագործելով, մինչև փրկարարները կգտնեին նրան: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական հեռուստաալիքին, 74-ամյա Կիոյուկի Ցուցուին օգոստոսի 10-ին Նիիգաթա պրեֆեկտուրա է ժամանել Հիրոսիմայից, որպեսզի լեռան գագաթը բարձրանա: 

Լեռնամագլցումը վերջինս պետք է սկսեր օգոստոսի 13-ին և վերադառնար 4 օրից: Սակայն 1000 մետր բարձրություններում լեռնագնացը սայթաքել է և դուրս ընկել արահետից: 

Նրա անհետացման մասին հայտնի է դարձել միայն ուրբաթ, երբ ոստիկանություն է դիմել նրա հարազատներից մեկը: Անհետացած մարդուն հաջողվել է նկատել ուղղաթիռից կիրակի: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: