Հայաստանում զբոսաշրջությունն աճել է 24.2 տոկոսով. Մեխակ Ապրեսյան
Tert.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ զրուցել է ՀՀ-ում տուրիզմի զարգացման հեռանկարների և ներկայիս վիճակի մասին: Ապրեսյանն արձանագրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի 24 .2 տոկոսով ՀՀ ներգնա տուրիզմն աճել է:
- Պարո՛ն Ապրեսյան, ասվում է, թե այս տարի ՀՀ-ում ներգնա տուրիզմն ակտիվացել է: Թվերի լեզվով ի՞նչ պատկեր ունենք:
- Իհարկե, այս տարի աճ ունենք: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը եղել 622 հազար 381մարդ: Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 .2 տոկոսով:
- Զբոսաշրջիկների ավելացնում ինչո՞վ է պայմանավորված, ՀՀ-ի մասին քարոզչական աշխատանքներ են տարվել, թե այլ երկրների հետ համագործակցության արդյունք է:
- Աճը համալիր միջոցառումների արդյունք է: Սա պետական ու մասնավոր սեկտոր համագործակցության, բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության արդյունք է: Միջոցառումներ են եղել նաև պետական մակարդակով, փորձ է արվել երկիրն ավելի ճանաչելի դարձնել: Լավ ազդեցություն է ունեցել նաև սահմանային անցման գործընթացների դյուրացումը, քանի որ մի շարք երկրների համար սահմանվել է առանց վիզայի մուտքի ռեժիմի, ՌԴ քաղաքացիներին թույլ է տրվում մուտք գործել ներքին անձնագրերով: Որոշ երկրների քաղաքացիների համար, եթե վիզային ռեժիմը չենք վերացրել, ապա արտոնագիր ստանալու գործընթացի դյուրացում է եղել, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիները մուտքի վիզա են ստանում հենց սահմանին, իսկ նախկինում պետք է դիմեին Չինաստանում ՀՀ դեսպանատուն: Վիզայի համար կարող են դիմել նույնիսկ առցանց: Իրանի քաղաքացիների, Արաբական Միացյալ Էմիրությունների համար վիզայի ռեժիմ չկա: Հնդկաստանի համար հնարավորություն կա սահմանին կամ առցանց վիզա ստանալ: Նպատակային շուկա հանդիսացող մի շարք երկրներում տարվա սկզբից մեծ աշխատանք է տարվել: ՌԴ-ից, ԱՄՆ-ից , Ֆիլիպիններից, Կորեայից, Իսրայելից, Ուկրաինայից և այլ տեղերից ունեցել ենք լրագրողներ, զբոսաշրջային օպերատորների այց ՀՀ, արդեն իսկ մի քանի ֆիլմ ՀՀ-ի մասին նկարվել է, եղել են տասնյակ տպագիր հոդվածներ և այլն:
- ՀՀ-ում տուրիստները հիմնականում ո՞ր տեղերն են նախընտրում, օրինակ՝ Արցախ շա՞տ են գնում:
- Ավելի հայտնի են Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր և այլն, նաև այն վայրերը, որոնք ներառված են տուրօպերատորների մոտ: Արցախ այցելությունները մի քանի անգամ ավելացել ու աճել է: Սա շատ կարևոր է ու պետք է կարևոր ձեռքբերումներից մեկը համարել: Հայաստանի մարքեթինգային խթանման գործընթացի մեջ հնարավորինս ներառվում է նաև Արցախը: Այստեղ շատ ակտիվ համագործակցություն կա Արցախի հետ ու պրոֆեսիոնալ գործում են Արցախի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները:
- Նշեցիք, որ ՀՀ-ն մի շարք երկրների հետ դյուրացրել է մուտքին արտոնագրի ստացման գործընթացն, անգամ, որոշ երկրների հետ այլևս վիզային ռեժիմ չկա: Այս ամենի հետ մեկտեղ հաշվի առնվե՞լ է, որ ՀՀ-ն պատերազմող ու անվտանգության խնդիր ունեցող պետություն է:
- Ցանկացած նման որոշում ընդունելուց առաջ Ձեր բարձրացրած խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրվել ու քննարկվել է: Ամեն բան ծանր ու թեթև է արվել, քանի որ վիզային ռեժիմի թուլացման փոփոխումը միայն այլ երկրի զբոսաշրջային պոտենցիալը չի լինում: Անպայման անվտանգության խնդիրը դրվում է հիմքում և լուրջ քննարկումներից հետո է միայն որոշում կայացվում:










