«Արմենիա» ծննդատանը պտղի մահացության դեպք է գրանցվել

12:20 • 21.08.17

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի «Արմենիա» ՀԲԿ ծննդատանը («Արմենիա» ՀԲԿ )հասուն պտղի մահացության դեպք է գրանցվել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

«Օգոստոսի 19-ին ոչ թե նորածին է մահացել, հասուն պտուղ: Հղիի մոտ եղել է ներարգանդային աճ, պտղի մահվան պատճառը ընկերքի վաղաժամ անջատումն է, ինչը լուրջ ախտաբանություն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հարցին՝ ինչ վիճակում է ծննդկանը, Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց.

«Բարեբախտաբար, մոր կյանքը փրկվել է, ինչու բարեբախտաբար, որովհետև այդ հիվանդությունը հղիության ընթացքում աԲմենավտանգավոր բարդություններից է, արյան մակարդելիությունն է իջնում և այլ խնդիրներ են առաջանում: Բարեբախտաբար, կինը լավ վիճակում է»:

Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ իր հրահանգով պտուղն ուղարկվել է հետազոտության. նա նաև հավելեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: