Աշխարհի առաջնության ժամանակ իսպանացի լողորդը լռության րոպե է անցկացրել ահաբեկչությունների զոհերի հիշատակին (տեսանյութ)

21:24 • 21.08.17

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցող ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ իսպանացի լողորդ Ֆերնանդո Ալվարեսը միայնակ լռության րոպե է անցկացրել: Այս կերպ նա հարգել է Կատալոնիայի ահաբեկչական ակտերի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Ավելի վաղ 71-ամյա Ալվարեսը դիմել է մրցման կազմակերպիչներին՝ խնդրելով վետերանների լողանցից առաջ լռության րոպե հայտարարել, սակայն, նրա խոսքով, իրեն մերժել են:

Տեսանյութում երևում է, որ լողանցքի սկզբում Ալվարեսը մյուս մարզիկների հետ չի ցատկել ջրի մեջ: Սուզվելուց առաջ նա անշարժ կանգնել է 60 վայրկյան:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:


Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  


Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:


Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում: