Կրակոցներ Արարատի մարզում. վնասվել են բնակչի տան պատուհանները և ավտոմեքենան
Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում կրակոցներ են հնչել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ օգոստոսի 20-ին քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գիշերը կրակել են իր տան վրա:
«Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան մոտ, որի հետևանքով վնասվել են տան պատուհանների ապակիները և տան դիմաց կայանած մեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,-ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարվածը բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանությունից նշեցին, որ կատարվում է քննություն:










