Սահմանն ապօրինի հատող ներգաղթյալները կենթարկվեն խիստ ստուգման. Կանադայի վարչապետ
Կանադան մանրակրկիտ կերպով ստուգելու է յուրաքանչյուր ներգաղթյալի, ով երկրում փորձում է փախստականի կարգավիճակ ստանալ: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, գրում է cbc.ca-ն:
«Ես ցանկանում եմ դիմել ապաստանի համար դիմողներին՝ հիշեցնում եմ, որ սահմանն ապօրինի հատելը ձեզ առավելություններ չի տալիս: Մեր կանոնները, սկզբունքները և օրենքները կկիրառվեն բոլորի նկատմամբ»,- ասել է Տրյուդոն:
Նա ընդգծել է, որ Կանադայում միգրացիոն ընթացակարգը ներառում է յուրաքանչյուր դիմումատուի խիստ ստուգում:
Տրյուդոն այդ հայտարարությունն արել է Քվեբեկ ներթափանցող փախստականների հոսքի ակտիվացման ֆոնին:
Կանադան այժմ փորձում է լուծել հաիթցի ներգաղթյալների աննախադեպ մեծ հոսքի առաջացրած խնդիրները:










