Իրաքի օդուժը հազարավոր թռուցիկներ է նետել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջանների վրա ու կոչ արել հանձնվել

16:23 • 21.08.17

Իրաքի ռազմաօդային ուժերն ինքնաթիռներից հազարավոր թռուցիկներ են նետել Իրաքի մի շարք բնակավայրերի վրա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին կոչ անելով հանձնվել, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Նշվում է, որ Էլ Հավիջա, Էլ Քայիմ, Ռավա, Անա, Աքաշատ շրջանների վրա նետված թռուցիկներում Իրաքի ԶՈւ-ն հիշեցրել է ԻՊ ահաբեկիչներին իրաքյան բանակի վերջին ձեռքբերումների, ինչպես նաև ԻՊ-ի զգալի կորուստների մասին և կոչ արել հանձնվել:

Իրաքի իշխանությունները թռուցիկներում շեշտել են, որ ահաբեկիչները պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ հանձնվեն, կա՛մ մահանան:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր իրաքյան Թալ Աֆար շրջանի՝ ԻՊ-ից ազատագրելուն ուղղված ռազմական գործողության մեկնարկի մասին: Այս տարածքը համարվում է Իրաքի տարածքում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը: