Ղրղզստանի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախագահական ընտրություններին մասնակցելու համար

11:38 • 21.08.17

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը երկուշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ նա դարձել է նախագահական մրցապայքարի երրորդ պաշտոնապես գրանցված մասնակիցը:


Ավելի վաղ թեկնածուի կարգավիճակ է ստացել ևս երկու նախկին վարչապետ՝ «Ակ-Շումքար» կուսակցության առաջնորդ Թեմիր Սարիևը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Օմուրբեկ Բաբանովը:


Ժեենբեկովի խոսքով՝ հրաժարականի մասին որոշման կայացման գլխավոր փաստարկ է դարձել այն, որ «ընտրությունների ժամանակ երկրին անհրաժեշտ է լիարժեք վարչապետ, որպեսզի կառավարությունն աշխատի»: Ժեենբեկովը նաև ընդգծել է բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը:


Պաշտոնյան հայտարարել է նաև, որ մտադիր է շարունակել երկրի առաջնորդ Ալմազբեկ Աթամբաևի քաղաքականությունը երկրի նախագահ ընտրվելու դեպքում:


Ղրղզստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 15-ին: