Կատալոնիայում կատարված ահաբեկչություններից մեկի մասնակիցը հարձակումից առաջ գրություն է թողել ծնողների համար

16:38 • 21.08.17

Անցած շաբաթ Կատալոնիայի տարբեր հատվածներում ահաբեկչական հարձակումներ իրականացրած խմբի անդամներից մեկը՝ 18-ամյա Սաիդ Ալլան, հարձակումից առաջ ննջասենյակում ծնողների համար գրություն է թողել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրանում երիտասարդը ներողություն է խնդրել ծնողներից պատճառած ցավի համար:

«Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս օրերին կարող եմ ցավ պատճառել: Երախտապարտ եմ ինձ տված ամեն ինչի համար»,-գրել է ահաբեկիչը:

Հայտնի է, որ Ալլան մասնակցել է Բարսելոնայից 120կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլս քաղաքում Audi A3 մեքենայով ոստիկանների դեմ կազմակերպված վրաերթին: Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության 22-ամյա կասկածյալ մարոկկացի Յունես Աբույաքուբի մայրը կոչ է արել փախուստի մեջ գտնվող որդուն հանձնվել իրավապահներին:

Օրեր առաջ վարձակալված Fiat-ը, որի ղեկին հավանաբար եղել է մարոկկացի Աբույաքուբը, Լաս Ռամբլաս փողոցում մխրճվել էր ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք: 

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի էր ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի էր ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:

Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:

Ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 130 մարդ: