Ռուսաստանում կազմել են Պուտինի հավանական հետնորդների ցանկը
2018 թվականին Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, ինչի կապակցությամբ «Պետերբուրգսկայա պոլիտիկայի» հանրային կապերի զարգացման հիմնադրամը կազմել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական հետնորդների ցանկը:
Համաձայն դրա՝ ՌԴ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Բացի այդ, ղեկավարի պաշտոնում Պուտինին փոխարինելու հնարավորություն ունեն Տուլայի շրջանի ղեկավար Ալեքսեյ Դյումինը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Պուտինի հավանական հետնորդների լավագույն 10-յակում են ներառվել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
Ավելի վաղ Պուտինը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ դեռևս չի որոշել՝ կմասնակցի նախագահական ընտրություններին, թե ոչ:










