ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան խանգարում է երկրի զարգացմանը. Լևոն Շիրինյան
ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգը պետք է ձգվի մինչև 2018 թվականը՝ մինչև պետությունն անցնի ամբողջությամբ խորհրդարանական կառավարման: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական համակարգն ընդհանուր առմամբ անկատար է:
«Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ մենք ինչ-ինչ հարցերով պատրաստ չենք, հրդեհն էլ ապացուցեց, որ հրդեհին պատրաստ չենք։ Աստված չանի, կարող են այլ աղետներ լինել, որ պարզվի, որ մենք էլի պատրաստ չենք: Սրա պատճառն այն է, որ քաղաքական համակարգում կա անկայունություն. նախարարը պարտավոր չէ տրակտոր կամ ջուր բերել, նա պետք է կառավարում իրականացնի: Կառավարման համակարգն անկատար է»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այս պահին ՀՀ-ին սոցիալիստական ընդդիմություն է հարկավոր, քանի որ աշխատավոր խավը և մտավորականը ռեալիզացված չէ երկրի կառավարման համակարգում: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե շատ հաճախ լավ օրենքներ են լինում, սակայն կիրառություն չեն ստանում:
«Օրենքը վատն է ու վատ կիրառություն ունի, որովհետև սպասարկում է մեծահարուստ խավի շահերը: Կարող են զանազան պատճառաբանություններ որոնել, սակայն եթե չկա ընդդիմություն, զսպող ուժ չկա: Այսօր սոցիալիստական կուսակցությունների, շարժումների տեսության պատասխանատուները պետք է իմանան, որ ՀՀ-ին պետք է սոցիալիստական շարժում, արդարության վիճակը նրանք է, որ պետք է իրականացնեն: Այս իմաստով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան խանգարում է երկրի զարգացմանը, ՀՀԿ-ի հետ նույն բլոկում կարող են լինել լիբերալ, պահպանողական կուսակցությունները»,- ընդգծեց քաղաքագետը:
Շիրինյանը, անդրադառնալով 2018 թվականին վարչապետի փոփոխությանը, չկարևորեց անձի ով լինելը: Նրա կարծիքով՝ կարևորն այն է, թե ՀՀ-ին ինչպիսի վարչապետ է անհրաժեշտ։
«ՀՀ-ին պետք է արդյունաբերության վերականգնում, գիտության վերագործակում, արդյունաբերական կապիտալի ստեղծում, ազգային մշակույթի պահպանում և այլն: Այս խնդիրը կլուծվի, ապա լավ կլինի, եթե չլուծվի, ուրեմն ժողովուրդը պետք է պահանջատեր լինի»,-շարունակեց Շիրինյանը:
Վերջինս խոսեց նաև ԱՄՆ-ի՝ ՌԴ դեմ կիրառած պատժամիջոցներին մասին և քննարկման համար 2 հիպոթեզ դիտարկեց. «Որպեսզի չնեղացնեմ մեր ռուսասեր հասարակությանը, ասեմ, որ քանի որ ՌԴ ողջ ու առողջ է, մենք երջանիկ կապրենք, մեկ-մեկ ՌԴ-ն պատերազմ կսարքի, բայց կներենք: Բայց 2-րդ այն է, որ ՌԴ-ն ունի քաղաքական բնավորություն՝ 20-րդ դարն ապացուցել է, որ ՌԴ-ն հանկարծ փլուզվում է: Այստեղ հարց է՝ մենք ի՞նչ ենք անելու, սրա համար մեզ պետք է պետականություն, քաղաքական համակարգ, անվտանգություն»,-եզրափակեց Լևոն Շիրինյանը:










