Թրամփի իմպիչմենթին կողմնակից հայկական կազմակերպություններ չկան և չեն էլ կարող լինել. Սուրեն Սարգսյան

22:43 • 21.08.17

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամթի իմպիչմենթի մասին խոսակցություններն սկսվել են դեռևս նրա ընտրվելուց անմիջապես հետո՝ նոյեմբերին:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ անգամ իմպիչմենթի նախաձեռնություններ եղան:

«Այս խոսակցությունները լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը նախագահ է: Ես, ամեն դեպքում, քիչ հավանական եմ համարում,որ մոտ ապագայում իմպիչմենտի հաջող գործընթացի մեկնարկ կլինի, որովհետև ադմինիստրացիան նոր է, բացի այդ, Թրամփը որոշակի համակրանք ունի ժողովրդի կողմից: Նաև պետք է հաշվի առնենք, որ հանրապետականների վիճակը հիմա այնքան էլ լավ չէ, և եթե նման գործընթաց սկսվի, ապա հնարավոր կլինի այն մինչև Կոնգրես հասցնել»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նաև նկատեց, որ Թրամփից դժգոհ է նաև իր կուսակիցների մի մասը: Նա մատնանշեց, որ կարելի է պատկերացնել, որ իմպիչմենթն իրական կդառնա, սակայն պետք է հաշվի առնենք, որ դրանից հետո ԱՄՆ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի փոխնախագահը, այս դեպքում՝ Մայք Փենսը:

«Իսկ դա նշանակում է, որ դեմոկրատների համար լուրջ հնարավորություն չի լինելու՝ իրենց թեկնածուին առաջ բրթելու համար: Հնարավոր է, որ հաջորդ նախագահական ընտրություններին դեմոկրատների համար Թրամփն ավելի նախընտրելի թեկնածու լինի, քան Մայք Փենսը: Դրա համար նույնիսկ եթե այս գործընթացն արագ առաջ ընթանա, դժվար թե իր հանգուցալուծումը ստանա: Մոտ ապագայում դժվար դրան հասնենք»,- նշեց նա:

Իմպիչմենթի քննարկումը Թրամփի դեպքում, քաղաքագետի խոսքով, զսպման մեխանիզմ է:

«Այդ հարցն անընդհատ բարձրացնելը նշանակում է նրա վրա ճնշում գործադրել, նրա արտաքին քաղաքական ուղղությունները մշտապես պահել ուշադրության կենտրոնում, որ մշտապես նա զգա, որ մեծ աջակցություն չունի ո՛չ քաղաքական շրջանակներում, ո՛չ կուսակցության մեջ, ո՛չ էլ լրատվամիջոցների մեջ: Թրամփն այս պահի դրությամբ ավելի շատ հրշեջի դեր է կատարում, այսինքն՝ ավելի շատ կրակներ է մարում, քան փորձում է ավելի լուրջ աշխատանքներ տանել»,- ասաց նա:

Խոսելով ամերիկահայերի՝ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ կարծիքի մասին՝ նա նշեց, որ միանշանակ դիրքորոշում այս հարցում չկա․այստեղ և՛ դեմոկրատներին, և՛ հանրապետականներին աջակցողները կան:

«Իմպիչմենթին կողմնակից հայկական կազմակերպություններ չկան, և չեն էլ կարող լինել: Հայ համայնքը պահպանում է իր անկողմնակալ կարգավիճակը, հայտարարություններ չեն անում այս կամ այն կուսակցության կամ վարչակազմի դեմ, առաջնորդվում են մի քանի սկզբունքային հարցերով: Դրանով էլ ձևավորում են իրենց քաղաքական մոտեցումները»,- նշեց նա:

Նա համայնքի նման կեցվածքը ճիշտ համարեց: Պատճառաբանեց՝ համայնքը շատ մեծ ազդեցություն չունի:

«Եթե մենք ունենայինք այնպիսի ազդեցություն, որ կարողանայինք ԱՄՆ նախագահի վրա ազդեցություն գործել, այնպես կանեինք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեր»,- նշեց նա: