ՄԱԿ-ում հայտնել են Հյուսիսային Կորեայից Սիրիա ուղարկված բեռները «որսալու» մասին
Վերջին կես տարվա ընթացքում երկու բեռ է հաջողվել «որսալ», որոնք Հյուսիսային Կորեայից ուղարկվել են Սիրիայի գիտական հետազոտությունների և մշակումների կենտրոն: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խախտումների հարցով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցը:
Բեռները «որսալու» վայրի և ժամանակի մասին տեղեկությունը չի հստակեցվում:
Նշվում է, որ սիրիական կենտրոնը վերահսկում է երկրի քիմիական զենքերի ծրագիրը 1970-ական թվականներից ի վեր:
«ՄԱԿ-ի երկու անդամ պետություն «որսացել» են Սիրիայի համար նախատեսված մատակարարումները: Մեկ այլ պետություն տեղեկացրել է հանձնաժողովին, որ պատճառներ կան ենթադրելու, որ այդ ապրանքները Հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ Կորեայի առևտրային կորպորացիայի և Սիրիայի միջև կնքված պայմանագրի մաս են կազմում»,- ասված է զեկույցում:
Նշվում է նաև, որ բեռների հասցեատերեր են նշված եղել կեղծ սիրիական կազմակերպություններ:










