253 աշակերտ ունեցող դպրոցն ինչո՞ւ պետք է միանա 76 աշակերտ ունեցողին, ո՞ւր պետք է մնա Գրիգոր Զոհրապի անունը. Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է օպտիմալացման ենթակա հանրակրթական ուսումնական հաստատությունների միավորմանը: Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե 30-50 հոգանոց դպրոցներում կրթության որակը չի կարող բավարար լինել, նա ասաց, որ երբեմն հազար հոգանոց դպրոցում էլ կրթության որակը չի փայլում:
«Խնդիրն այլ է: Երևանի երեք դպրոց` թիվ 81-ը, 23-ը և 41-ը ունեն համապատասխանաբար 36, 65, և 40 աշակերտ, և դրանց օպտիմալացման-միացման հետ ես լիովին համաձայն եմ, բայց համաձայն չեմ երբ թիվ 43 ավագ դպրոցը, որն ունի 253 աշակերտ, միացնում են թիվ 16 ավագ դպրոցին, որն ունի 76 աշակերտ: Ընդ որում՝ թիվ 43 դպրոցը Գրիգոր Զոհրապի անվան է և արդեն իսկ կա լուրջ բողոք Գրիգոր Զոհրապի անունը պաշտպանողների կողմից: Կարծեք թե Գրիգոր Զոհրապի անունը դուրս է գալիս և իրենք պատրաստվում են շատ լուրջ բողոք ներկայացնել»,-ասաց նա և նշեց, որ թիվ 16 դպրոցն էլ Ավետիք Իսահակյանի անվան է:
«Երբ 253 հոգանոց դպրոցը միանում է 46 հոգանոց դպրոցին, այս դեպքում ինչ ասես մտքովս անցնում է: Երևի 16 դպրոցի տնօրենը ավելի զորավոր էր, լավ թիկունք, պաշտպան ունի վերևներում, ուժը պատել է, դրա համար իրենց դպրոցին են միավորում: Այստեղ ինչ-որ մութ բան կա: Ինչո՞ւ Գրիգոր Զոհրապի անվան դպրոցը պետք է միանա թիվ 16 դպրոցին և ո՞ւր պետք է մնա Գրիգոր Զոհրապի անունը»,-ասաց նա և նկատեց, որ 16 դպրոցն ունի 15 ուսուցիչ, Գրիգոր Զոհրապի անվան դպրոցը՝ 29 ուսուցիչ:
Անահիտ Բախշյանն անխուսափելի համարեց օպտիմալացման գործընթացում ուսուցիչների կրճատումը: «Եթե մենք ունենայինք արդարամիտ տնօրեններ, ապա իրենք նախապես անարդյունավետ ուսուցիչներին պետք է նախապատրաստեին և ծանուցեին»,-ասաց նա: Այստեղ կրթության փորձագետը նաև կոռուպցիոն ռիսկեր տեսավ, որի դրսևորումները կարող են լինել` զանգերի, ծանոթներին դիմելու տեսքով:
Նշենք նաև, որ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ որի Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներին տնօրենները համատարած ծանուցում են նրանց աշխատանքից ազատելու մասին, իսկ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրել էր՝ Կրթության և գիտության նախարարության կողմից որևէ նման հանձնարարություն կամ իրավական ակտ գոյություն չունի:
«Նախ՝ հանրակրթության վարչության պետը երբեք չէր խոստովանելու, որ դա իրենք են հանձնարարել, քանի որ այդ հանձնարարականները ոչ թե գրավոր են լինում, այլ ներքին կարգով»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա` 63 տարեկան դառնալը աշխատանքից ազատելու հիմնավորում չի կարող լինել օրենքի տեսանկյունից, քանի որ ոչ մի օրենք չի ասում, որ պետք է թոշակի գնացած մարդուն ազատել: «Եթե 63 տարեկան ուսուցիչը լի է էներգիայով, աշխատում է, այդ ուսուցչին դպրոցի տնօրենը պետք է պահի, դրան զուգահեռ կա երիտասարդ, որը պիտանի չէ»,-հավելեց նա:










