ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտել են դատական նիստն ու լքել դահլիճը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց: Դրանից հետո դատական նիստերի դահլիճ հրավիրվեցին ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանն ու Արայիկ Խանդոյանը, նրանց ինքնությունը ճշտելու համար: Նշենք, որ դատարանը նրանց նկատմամբ դատական սանկցիա է կիրառել տասը ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:
Պավլիկ Մանուկյանը հետաքրքրվեց, թե սանկցիայի ժամը լրացե՞լ է, ինչին դատավորը բացասական պատասխան տվեց.« Այդ դեպքում ինչո՞ւ եք կանչել ինձ»,-հարցրեց Մանուկյանը:
Դատավորը Մանուկյանից ճշտեց՝ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանեն Հրանտ Գևորգյանը, Ինեսսա Պետրոսյանն ու Հարություն Բաղդասարյանը, ինչին Մանուկյանը դրական պատասխան տվեց, ասելով, որ բոլորն են երազում իր պաշտպանների նման պաշտպաններ ունենալ:
Այնուհետև Արտուշ Գաբրիելյանը հարցրեց Արայիկ Խանդոյանին, թե նա պաշտպան ունի՞, ինչին Խանդոյանը պատասխանեց.«Ընկեր Միկոյան, հարց եք տվել, լսեք պատասխանը: Ամբողջ ազգն է իմ պաշտպանը, համ էլ ինձ հարձակվող է պետք, ինձ պաշտպան պետք չէ»:
Ինչ վերաբերում է Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին, դատավորն ասաց, որ նա արդեն մի քանի նիստ է չի ներկայանում և որոշում է կայացվել հանրային պաշտպան ներգրավել, ինչին սակայն Կյուրեղյանը դեմ էր արտահայտվել:
Ինեսսա Պետրոսյանն ու Լուսինե Սահակյանը փորձեցին իրենց առարկությունները ներկայացնել դատավորին, սակայն վերջինս հնարավորություն չտվեց:
Պաշտպանները ցանկանում էին միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորն ասաց, որ դրա համար կա միջնորդությունների փուլ:
«Միջնորդությունների փուլ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ փաստորեն պաշտպանները մինչ օրս ներգրավված չեն եղել.« Պարզվեց, որ մեզ ուզում եք նոր ներգրավվեք: Դուք այնպիսի գործողություններ եք անում, որ մենք չգիտենք ինչով առաջնորդվենք, մենք այստեղ ենք գտնվում , բայց չգիտենք ինչի համար»:
Դատական նիստն ընդմիջվեց 30 րոպեով:
Ընդմիջումից հետո փաստաբանները փորձեցին հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորը նրանց իրենց միասնական դիրքորոշումը հայտնելու հնարավորություն չտվեց: Tert.am-ի հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի փաստաբաններից Հարություն Բաղդասարյանն ասաց, որ իրենց դատավորից ընդմիջում են խնդրել իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար և հայտարարությամբ հանդես գալու համար.«Արտուշ Գաբրիելյանը հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն չտվեց: Մենք էլ, ի նշան բողոքի բոյկոտեցինք դատական նիստն ու բոլոր պաշտպաններս միասին լքեցինք դատական նիստերի դահլիճը»:
Բեթ










