ԿԳՆ-ի կողմից նման հանձնարարություն կամ իրավական ակտ գոյություն չունի. Աշոտ Արշակյանը` 63 տարին լրացած մանկավարժներին աշխատանքից ազատելու մասին

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանի ահազանգին, ըստ որի Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներից ու տնօրենները համատարած ծանուցում են նրանց աշխատանքից ազատելու մասին: Աշոտ Արշակյանը վստահեցրեց, որ Կրթության և գիտության նախարարության կողմից որևէ նման հանձնարարություն, կամ իրավական ակտ գոյություն չունի:
«Ես չգիտեմ, թե դա ինչ տեղեկատվություն է, որտեղից, ավելին ասեմ, որ ցանկացած ուսումնական հաստատություն ինքը պետական ոչ առևտրայի կազմակերպություն (ՊՈԱԿ) է և կադրերի ընդունելությունը և ազատումը որոշում է ինքը` իհարկե աշխատանքային օրենսգրքին համապատասխան»,-ասաց նա և բացառեց, որ նախարարության կողմից նման հրահանգ լինի:
Նշենք, որ Անահիտ Բախշյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.« SOS եմ հնչեցնում այն ահազանգերի հետ կապված,որոնք ստանում եմ Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներից ու տնօրենները համատարած ծանուցում են նրանց աշխատանքից ազատելու մասին: Որքան կողմնակից եմ երիտասարդների առաջխաղացմանը, այնքան էլ կարևորում եմ նրանց կողքին բանիմաց, փորձ ունեցող մանկավարժների անհրաժեշտ ներկայությանը:
Խնդրում եմ այն իրավաբաններին, ովքեր այս խնդրի իրավական լուծումն ունեն, արձագանքեն, որովհետև գիտեմ, որ այս երևույթի վերաբերյալ կա՛ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում»:
Հանրակրթության վարչության պետը անդրադարձավ նաև Երևանի համար 114 ավագ դպրոցի տարածքում մասնավոր դպրոցի գործելուն, ինչի մասին հրապարակել էր armtimes.com կայքը:
Նա նշեց, որ այդ ամենը լիցենզավորման գործընթացի շրջանակներում է և մասնավոր դպրոցը համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում կարողանում է ստանալ լիցենզիա և իրականացնել գործընթաց: Ըստ նրա՝ մասնավոր և պետական դպրոցի մեկ շենքում գործելը ոչ լրացնում է, ոչ էլ խանգարում է միմյանց, առավել ևս, որ 114 դպրոցը ավագ դպրոց է, իսկ մասնավոր դպրոցը լինելու է հիմնական դպրոց:
«Ծնողը ինքն է դպրոցն ընտրում և որտե՞ղ է գրված, որ մասնավոր դպրոցը ավարտելուց հետո պետք է անպայման գնա այդ ավագ դպրոցը: Այդտեղ հասկանում եմ, որ նույն շենքում լինելու գործոնն եք հաշվի առնում, բայց այսօր Երևանում ունենք ոչ պետական դպրոցներ, որոնք հենց վարձակալել են պետական դպրոցի ազատ տարածքը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյունքում չի՞ սահմանափակվի պետական դպրոցի շենքային պայմանները, տարածքը, Աշոտ Արշակյանն ասաց, որ այդ հարցերը պետք է ուղղվի լիցենզավորման վարչությանը և բնականաբար լիցենզիա տալուց առաջ այդ ամենն ուսումնասիրվել է:









