Էներգախնայողության հարցերով «Աստանա Expo-2017»-ն օգտագործվել է որպես հարթակ՝ ՀՀ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու համար. Ա. Խզմալյան

12:39 • 23.08.17

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Աստանայում էներգախնայողության հարցերին նվիրված «Աստանա expo-2017»-ին «Հայաստանի էներգախնայողության հիմնադրամը» տաղավար է պատրաստել և տեղակացրեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով այդ հարթակը օգտագործվել է նաև զբոսաշրջության նպատակով: 

«Այսինքն` մենք օգտագործեցինք մարդկային այդ հոսքի հնարավորությունը՝ ներկայացնելու Հայաստանը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները: Ցուցահանդեսի շրջանակներում ամեն մի օրը նվիրված էր ազգերից մեկին. օգոստոսի 16-ին Հայաստանի ազգային օրը եղավ, որի շրջանակում ներկայացրինք մեր մշակույթը, Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը ելույթ ունեցավ, ինչը շատ մեծ տպավորություն թողեց, Ազգային օրվա շրջանակում նաև ներկայացրինք տեսահոլովակներ։ Կարծում եմ՝ սա ղազախական շուկայում աշխատանքների մեկնարկն է, ինչը նաև նախագահի հանձնարարականն էր»,-ասաց նա և նշեց, որ Ազգային օրվա միջոցառումն անցել է բարձր մակարդակով և հարուցել շատ մարդկանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ցուցահանդեսի փակումը սեպտեմբերի 11-ին է: 

Արա Խզմալյանը կարծիք հայտնեց, որ լուրջ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ շատ խելամիտ քաղաքականություն պետք է վարվի:   

«Այսինքն, երբ մենք խոսում ենք զբոսաշրջիկների քանակի ավելացման մասին, մենք առաջին հերթին նկատի ունենք Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, թվային տիրույթում Հայաստանի դիրքավորումը, քանի որ 21-րդ դարում մենք մեր ճանաչելիության ուզած մակարդակին կարող ենք հասնել ոչ այնքան տպագրական նյութերով, որքան վիրտուալ տիրույթում»,-ասաց նա և ընդգծեց՝ ով հաղթում է տեղեկատվության դաշտում, հաղթում է բոլոր ոլորտներում:  

Հիմնադրամի տնօրենը նշեց, որ այսօր Ղազախստանից Հայաստան ժամանողների քանակը բավարար չէ՝ այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 3000 մարդ, թեև Աստանա-Երևան ուղիղ չվերթի առկայությունը նպաստել է քանակի ավելացմանը, և այս թիվը շուրջ 27-28 տոկոսով աճել է նախորդ տարվա առաջին կիսամյակի այցելությունների համեմատությամբ:  

«3000 զբոսաշրջիկը մեզ համար շատ փոքր թիվ է, մենք լուրջ աշխատանք ունենք տանելու ղազախական շուկայում։ Օրինակ՝ Վրաստանն այս առումով ակտիվ է աշխատում»,-ասաց նա: 

Արա Խզմալյանը ղազախների շրջանում հետաքրքրություն առաջացնելու օրինակ նշեց այն, որ Մատենադարանում պահվում են հայատառ ղփչաներեն բացառիկ ձեռագրեր։ Նրա խոսքով՝ երբ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանում են Հայաստանում և գնում են Մատենադարան, նրանց համար այդ ձեռագրերը տեսնելը նման է ուխտագնացության: 

Նա նաև նշեց, որ Ղազախստանի հետ տնտեսական կապերն էլ են գնալով զարգանում, ակտիվանում են նաև բարձր մակարդակի այցելությունները, ինչի արդյունքում չի կարող անտեսվել զբոսաշրջության ոլորտը: Նա նաև հայտնեց, որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով գործարկվել է Հայաստանի զբոսաշրջության պաշտոնական կայքը, որը ցույց է տալիս զբոսաշրջության ամբողջ գունապնակը: