Լիբանանի գեղեցկության թագուհին զրկվել է տիտղոսից՝ Իսրայել այցելելու համար
«Միսս Լիբանան- 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Ամանդա Հաննան զրկվել է տիտղոսից, քանի որ 2016 թվականին այցելել է Իսրայել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառման կազմակերպիչները կայացրել են այս որոշումն աղջկա հաղթանակից մեկ շաբաթ անց:
«Նրա այցը հարևան երկիր խախտում է մեր պետության օրենքները», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հաննան երկքաղաքացիություն ունի. լիբանանյանից բացի՝ նա ունի նաև շվեդական անձնագիր: Հենց շվեդական անձնագրով է նա մեկնել Իսրայել՝ գիտական նպատակով:
Լիբանանը և Իսրայելը տեխնիկապես գտնվում են պատերազմական վիճակում, չնայած 2006 թվականի զինված հակամարտությունից հետո երկրների սահմանին լայնածավալ բախումներ չեն եղել:
1955 թվականից Լիբանանում գործում է իսրայելական արտադրանքի, ինչպես նաև մշակութային և հումանիտար փոխանակումների բացարձակ արգելք: Մասնավորապես, արգելված են երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Լիբանանի օրենքների համաձայն՝ նույնիսկ շփումն Իսրայելի քաղաքացիների հետ հանցագործություն է համարվում, որի համար կարող է ազատազրկում սպառնալ:










