Եղնուկյանը դիմել է պատկան մարմիններին Արտուշ Գաբրիելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար. ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

13:33 • 23.08.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: 

Դատական նիստի մեկնարկին կրկին դատական կարգադրիչները պահանջներ ներկայացրին փաստաբան Հայկ Ալումյանին, որպեսզի ցույց տա պայուսակի պարունակությունը՝ ասելով, որ մետաղաորսիչ սարքը ազդանշան է տալիս:

Հայկ Ալումյանը դա որակեց որպես խուզարկում և  հրաժարվեց իրերը ցույց տալուց՝ ասելով, որ գրիչն էլ կարող է դիտվել արգելված իր։ «Ինձ ցույց տվեք արգելված իրերի ցանկը»,-պահանջեց փաստաբանը, սակայն նման ցանկ գոյություն չունի։

Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ նիստերի դահլիճում են գտնվում 14 ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Սմբատ Բարսեղյանն ու Խաչատուր Գիչյանը: Պաշտպաններից ներկայացել են Հրանտ Գևորգյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, Աննա Ջուվանովան, Հարություն Բաղդասարյանը, Ինեսսա Պետրոսյանը, Տիգրան Հայրապետյանը և Արմինե Ֆանյանը: Այս նիստին ներկայացել էին նաև  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Գալստյան  և երեք տուժող:

Պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը, Հայկ Ալումյանը,  Տիգրան Եգորյանը, Սուզաննա Խչեյանը դատարանին անհայտ պատճառով չէին ներկայացել նիստին, իսկ պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարանին գրություն էր ներկայացրել, որ գտնվում է արձակուրդում:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Հայկ Ալումյանը ներկայացել է դատարան, սակայն դատական կարգադրիչները խոչընդոտում են նրա մուտքը դատարան:
«Ես միջնորդում եմ, որպեսզի միջոցներ ձեռնարկվի  ապահովելու համար Հայկ Ալումյանի ներկայությունը»,-ասաց Հայրապետյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հանձնարարեց դատական կարգադրիչների ղեկավարին համապատասխան միջոցներ ձեռնարկել պարզելու համար, թե ինչու փաստաբանին չեն թողնում դատական նիստի դահլիճ մտնել:

Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց, որ Եղնուկյանին դատարան չներկայացնելու համար երեք միջնորդություն է ներկայացվել, որոնց դատավորը գրավոր պատասխան չի ուղարկել:

Պաշտպանը հիշեցրեց, որ միջնորդությունները վերաբերում են Կարո Եղնուկյանին ՔԿՀ-ից դատարան չներկայացնելուն, քանի որ նա առողջական խնդիրներ ունի, բացի այդ, միևնույն է՝ նրա նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացնելու  սանկցիա է կիրառված, հետևաբար դատարան ներկայանալն աննպատակահարմար է:

Դատավոր Գաբրիելյանն ասաց, որ ամբաստանյալը պարտավոր է ներկա գտնվել դատական նիստերին և առանց նախագահողի թույլտվության չի կարող լքել նիստերի դահլիճը:

Եղնուկյանի պաշտպան Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն ներկայացրեց. «Դատավորը հարկադիր միջոցներ կիրառելով որոշումներ է կայացնում Կարո Եղնուկյանի նկատմամբ՝ իմանալով, որ նա չի մասնակցելու դատական նիստին, միևնույն է՝ բռնի ուժով Եղնուկյանին դատարան ներկայացնելու որոշումներ է կայացնում, որը, նրա առողջական խնդիրները հաշվի առնելով, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է Եղնուկյանի նկատմամբ: Ավելին,Կարո Եղնուկյանը դիմել է համապատասխան մարմիններին Արտուշ Գաբրիելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս բոլոր հանգամանքները հաստատում են, որ դատավորն անկախ և անաչառ չէ»:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը փաստաբանի ներկայացրած՝ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժեց: