Չինաստանում հնարամիտ կերպով «պատժել են» մեքենան միշտ անթույլատրելի տեղում կայանող վարորդին (լուսանկար)

22:06 • 24.08.17

Չինաստանում արտասովոր հնարքով դաս են տվել ավտոմեքենան սխալ կայանող կին վարորդին:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, կնոջ ավտոմեքենան, որը բազմիցս կայանված էր լինում չնախատեսված վայրում՝ փակելով մյուս մեքենաների ճանապարհը, վերամբարձ կռունկի օգնությամբ տեղադրել են շենքի տանիքին:

Չնայած համապատասխան թույլտվություն չունենալուն՝ մեքենայի տիրուհին այն թողնում էր բնակելի համալիրի տարածքում Բենսի քաղաքում: Մի անգամ էլ նա մեքենան կայանել է 38 ժամով, ինչի համար նրան տուգանք էր դուրս գրվել, սակայն վճարում չէր կատարվել:  

Կայանատեղիի պահակը վիճում էր կնոջ հետ, սակայն վերջինս շարունակում էր անօրինական կերպով օգտվել կայանատեղիից: Բարկացած վարորդները որոշել են պատժել նրան և հատուկ տեխնիկայի միջոցով մեքենան բարձրացրել են հարևան կառույցի տանիքը, որտեղից այն իջեցվել է նույն օրը, սակայն հայտնի չէ, թե ով է իջեցրել: