Մեզ հիմա պետք է մի փոքր համբերություն՝ տեսնելու՝ ինչ արձագանք կլինի ԵԱՀԿ ՄԽ խումբը համանախագահող մյուս երկրներից. Կարեն Բեքարյանը՝ Հոգլանդի 6 կետերի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով՝ զուգադիպություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ 6 կետ է ներկայացրել Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրված ժամանակը կապված է այլ հանգամանքների հետ:
«Հաշվի առնելով, որ մի քանի օրից Ռիչարդ Հոգլանդը դադարեցնելու է իր գործունեությունը, և արդեն կա նոր համանախագահ, օգտագործվել է ժամանակ առ ժամանակ օգտագործվող «դիվանագիտական հնարք», երբ գնացող պաշտոնյան, այս դեպքում համանախագահը, փորձում է ինչ-որ ամփոփիչ էլեմենտներ մտցնել շրջանառության մեջ՝ այդպիսով մյուսի համար շարունակականություն ապահովելով, որպեսզի հետո ինչ-որ բաներ չկապվեն նոր անձի հետ: Սա հնարք է, որը միշտ օգտագործվում է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, ըստ որոնց՝ Ղարաբաղին պետք է միջանկյալ կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովելու է նրա անվտանգության և ինքնավարության երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված» տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի և պետք է լինի միջանկյալ միջանցք, որը կապահովի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը:
Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած վեց կետերում նաև նշված է՝ հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր: «Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը։
Կարեն Բեքարյանը նկատեց, որ ԱՄՆ նոր վարչակազմն իր արտաքին քաղաքական ուղղություններում անընդհատ փոփոխություններ է անում: «Բազմաթիվ էին այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ը պասիվ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այն իր գերակայությունների մեջ չի մտնում: Ռիչարդ Հոգլանդի քայլը նաև ուղերձ էր, որ Ամերիկան շարունակում է իր աշխատանքը,- ասաց Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ ամերիկացի համանախագահի հայտարարության ժամանակահատվածի ընտրությունը նա առավել շատ կապում է հենց իր՝ վերը նշած երկու հանգամանքների հետ,- մի կողմից դիվանագիտական հնարք է անում, մյուս կողմից՝ ուղերձ է հղում, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:
Կարեն Բեքարյանն իր զարմանքն արտահայտեց Ռիչարդ Հոգլանդի՝ ԼՂ կարգավորմանը վերաբերող ամերիկյան մոտեցման մատուցման ձևաչափի մասով. «Դա ի՞նչ է:Հարցազրու՞յց է, հարցուպատասխա՞ն, մեկնաբանությո՞ւն, թե՞ շրջանառության մեջ դրված թուղթ: Այստեղ ներկայացման ձևաչափը հստակ և անգամ կոռեկտ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հոգլանդի՝ այդքան նուրբ թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը մատուցելու, տարածելու ընտրված ձևն ամենալավերից չէր: Կարեն Բեքարյանն առաջարկեց ուշադրություն դարձնել դրան և հետևել ամերիկացի համանախագահի քայլին հետևող զարգացումներին:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց նաև 2014 թվականին ամերիկացի նախորդ համանախագահի՝ Ջեյմս Ուորլիքի՝ Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում արած հայտարարությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մատնանշեց, որ Հոգլանդի շրջանառության մեջ դրած փաստաթուղթը գրեթե կրկնում է Ուորլիքի ելույթում հնչած դրույթներն ու տարրերը:
«Այնտեղ շատ չնչին տարբերություն կա: Եվ եթե հաշվի ենք առնում, որ երեք տարի առաջ Ուորլիքի մոտեցումները շրջանառվել են, կարող ենք ընդունել, որ Հոգլանդի ներկայացրածի մեջ նորություն չկա»,- ասաց նա: Կարեն Բեքարյանը ամերիկացի համանախագահների մոտեցումները, ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ, պայմանականորեն անվանեց՝ «ամերիկյան ելևէջներ»:
Նշեց նաև, որ եթե ամերիկացի համանախագահների հայտարարությունները համեմատենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ միասնական հայտարարության հետ, տարբերություններ կնկատենք:
Ըստ Կարեն Բեքարյանի՝ հիմա արդեն պետք է սպասենք ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրների արձագանքներին՝ Հոգլանդի ներկայացրածի վերաբերյալ: «Կարող է լինեն արձագանքներ, կարող է և չլինեն, բայց, քանի դեռ մենք դա չունենք, սա դիտարկելը՝ որպես համանախագահության միասնական մոտեցում, առնվազն կոռեկտ չէ»,- ասաց նա՝ հետաքրքրական համարելով այն, թե արդյոք ՄԽ համանախագահող մյուս երկրներից արձագանք կլինի՞, թե՝ ոչ,-չարձագանքելն էլ է ինչ-որ բան նշանակում: Անհամաձայնություն է նշանակում, և այդ անհամաձայնությունը կարող է լինել, օրինակ՝ այն հարցում՝ սա ի՞նչ պահ է, ինչու՞ է հիմա նման հայտարարություն անում, և կարող է վերաբերել նաև բովանդակությանը»:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ այս պահին հայկական կողմից պաշտոնական արձագանքի անհրաժեշտություն չկա, քանի որ Հոգլանդի հայտարարություններում նորություն չկա, և փաստ է, որ Հոգլանդը կրկնում է նախկին համանախագահին:
«Սակայն ամերիկացի համանախագահի ներկայացրած փաստաթուղթը նորից հստակեցնում է մի բան. բանակցային սեղանին շարունակում են մնալ սկզբունքները: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը պնդում էր, որ արդեն պետք է շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ լինեն: Դրան ի պատասխան ասվում էր, որ եթե չկան սկզբունքներ, ապա ինչ շրջանակային համաձայնագիր կարող է լինել: Հոգլանդի ներկայացրածը փաստում է, որ սկզբունքները նույն Մադրիդյանի վարիացիան են, այսինքն՝ Ադրբեջանի մեկնաբանությունները, թե ինչ-որ բան է փոխվել, ճիշտ չեն, գլոբալ առումով բան չի փոխվել»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը նաև նշեց, որ պետք է հաշվի առնել, որ հայկական կողմից պաշտոնական արձագանքներ դիվանագետների հայտարարություններին՝ տարբեր խողովակներով լինում են և կան: «Մեզ այս պահին պետք է մի փոքր համբերություն՝ առաջին հերթին տեսնելու, թե ինչ արձագանք կլինի ԵԱՀԿ ՄԽ խումբը համանախագահող մյուս երկրներից»,- ասաց նա:










