ՊՊԾ գնդի գործով պաշտպաններն առանց պաշտպանների նիստ անցկացնելուն դեմ են. նրանք ինքնաբացարկ հայտնեցին դատավորին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Սակայն ամբաստանյալների և որոշ պաշտպանների բացակայության պայմաններում նիստերի դահլիճում գտնվող պաշտպանները դատավորից պահանջեցին հետաձգել դատական նիստը: Դատավորը դեմ արտահայտվեց՝ ասելով, որ բացակա կողմերի համար, եթե անհրաժեշտություն լինի, կկրկնի այսօրվա գործողությունները:
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ դատավորն անաչառ չէ և հիմնավորեց իր միջնորդությունը:
«Ստեղծված էր պրոբլեմ, որը լավագույնս լուծելու համար Դուք պետք է հետաձգեիք դատական նիստը, որովհետև մեր պաշտպանյալները չեն ցանկանում, որպեսզի իրենց բացակայության ժամանակ պաշտպանները գտնվեն նիստերի դահլիճում: Չարեցիք՝ խախտելով օրենքը», - ասաց Բաղդասարյանը:
Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտնեց, որ նիստին ներկայացել է միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի պաշտպանյալներին վերադարձնեն դահլիճ։
«Միջնորդություն ներկայացնելու հնարավորություն չունեցա, էլ չեմ ունենալու, որովհետև օրենքով սահմանված կարգով Դուք իրավունք չունեիք դատական նիստ անելու, իսկ իմ պաշտպանյալներն ինձ չեն լիազորել իրենց բացակայությամբ ներկա գտնվել դատական նիստերին: Ուստի ես այլևս չեմ մասնակցելու դատական նիստերին մինչև դատարանը չապահովի բոլորի իրավունքները և չսկսի ղեկավարվել քրեական դատավարության օրենքով», - ասաց նա:
Պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ ասաց, որ դատավորն ի վիճակի չէ անգամ ինքնաբացարկ հայտնելու, իսկ Հայարփի Սարգսյանը հավելեց, որ դատավորին ներկայացվող բոլոր ինքնաբացարկի միջնորդություններին ինքը կողմ է:
Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց՝ ասելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:










