Պարսից ծոցում նավերի բախման հետևանքով 20 նավաստի է մահացել

17:22 • 24.08.17

Պարսից ծոցի ջրերում օտարերկրյա բեռնատար նավի հետ իրաքյան նավի բախման հետևանքով առնվազն 20 իրաքցի նավաստի է մահացել: Այդ մասին հայտարարել է Իրաքի տրանսպորտի նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իրաքյան «Ալ-Միսբար» նավն օգոստոսի 19-ին խորտակվել է Խոր Աբդալա ջրանցքում օտարերկրյա Royal Arsenal բեռնատար նավի հետ բախման հետևանքով»,- հայտարարել է նախարարությունը:


Խոր Աբդալա ջրանցքը գտնվում է Պարսից ծոցում՝ Իրաքի և Քուվեյթի միջև:


Իրաքի նավահանգիստների հարցերով վարչության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու, այսօրվա դրությամբ ջրից դուրս է բերվել 20 նավաստու մարմին:


Գերատեսչությունը նշել է, որ խորտակված նավի երկարությունը 37 մետր է եղել: