ԻՊ-ը սպառնացել է Իսպանիային նոր ահաբեկչական հարձակումներով

11:25 • 24.08.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սպառնացել են Իսպանիային նոր ահաբեկչական հարձակումներով, այս մասին գրում է իսպանական Pais պարբերականը: 

Ըստ լրատվամիջոցի՝ ԻՊ-ն այսօր առավոտյան համացանցում նոր տեսանյութ է տարածել, որում իսպաներենով սպառնում է երկրին նոր հարձակումներով: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  

Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել էր 1 զոհի մասին։ Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:

Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունները 15 մարդու կյանք են խլել և վնասվածքներ են հասցրել 100-ից ավելի մարդու:

Ըստ իրավապահ մարմինների՝ այս ահաբեկչությունների ետևում կանգնած է եղել 12 հոգանոց խումբ: Նրանցից 4-ը ձերբակալված են, 5-ը ոչնչացվել են Կամբրիլսում տեղի ունեցած հարձակումից հետո: Եվս երկուսը, որոնց թվում էր հարձակումների գլխավոր կազմակերպիչ իմամ Աբդելբաքի էս Սաթին, մահացել են Ալկանարում գտնվող տանը որոտացած պայթյունի ժամանակ, որտեղ ահաբեկիչները պայթուցիկներ էին պատրաստում: Իսկ Բարսելոնայի կենտրոնում մարդկանց մեջ մխրճված ֆուրգոնի վարորդ, 22-ամյա մարոկկացի Յունես Աբույաքուբը ոչնչացվել է օգոստոսի 21-ին հատուկ գործողության ժամանակ։