Ահաբեկիչներին պետք է ուղարկել Ալլահի մոտ. Վենետիկի քաղաքապետը խոստացել է գնդակահարել ահաբեկիչներին՝ առանց զգուշացման

10:00 • 24.08.17

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն հայտարարել է, որ քաղաքի իրավապահ մարմինները կկրակեն առանց զգուշացման բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր կորոշեն հայտնի Սան Մարկո հրապարակում բացականչել «Ալլահու Աքբար», այս մասին գրում է korrespondent.net-ը: 

«Ահաբեկիչներին պետք է ուղարկել Ալլահի մոտ, մինչ նրանք կհասցնեն վնաս տալ մեզ», - համոզված է իտալացի քաղաքապետը՝ հավելելով, որ իրենք որևէ մեկին մարտահրավեր չեն նետում, այլ պարզապես հայտնում են իրենց աջակցությունն իրավապահ մարմիններին, որոնք միանշանակ կարող են համոզված լինել՝ իշխանություններն իրենց կողքին են:


Ըստ նրա՝ ի տարբերություն Բարսելոնայի՝ իրենք կազմ-պատրաստ են պաշտպանվելու:

«Իտալիայում մենք պետք է հաղթենք ահաբեկչությանը, մենք ամրացնում ենք մեր պաշտպանությունը: Եվ ես հայտարարում եմ՝ եթե որևէ մեկը սկսի վազվզել Սան Մարկոյում՝ բղավելով «Ալլահու Աքբար», մենք կգնդակահարենք նրան: Նախորդ տարի ես ասացի, որ մենք դա կանենք չորրորդ քայլից հետո, այսօր ես ասում եմ՝ երեք քայլից հետո», - ասել է Բրունյարոն Ռիմինի քաղաքում տեղի ունեցած միջազգային կաթոլիկ համաժողովի ժամանակ: