Բեռլինում դպրոցականներին ցանկապատով բաժանել են մարմնավաճառներից
Բեռլինի ֆրանսիական դպրոցներից մեկը մոտ 57 հազար եվրո է ծախսել ուսումնական հաստատությունը մեկուկես մետր բարձրությամբ ցանկապատով շրջապատելու համար, ինչի նպատակն աշակերտներին մարմնավաճառներից բաժանելն է: Այս մասին հայտնում է Metro-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գիմնազիան գտնվում է Կուրֆյուրստենշտրասե փողոցի վրա. սա համարվում է Բեռլինի «Կարմիր լապտերների» թաղամասը: Աշակերտների ծնողները և տեղացիները բողոքում են, որ մարմնավաճառները փողոցի վրա կանգնում են գրեթե շուրջօրյա և երբեմն նույնիսկ մտնում են դպրոցի տարածք, քանի որ այնտեղ գտնվում է թաղամասի միակ մատչելի զուգարանը:
Հայտնի է, որ Գերմանիայում մարմնավաճառությունը պաշտոնապես թույլատրված է 2002 թվականից: Աղջիկների մեծամասնությունն աշխատում է հասարակաց տներում, սակայն ոմանք նախընտրում են հաճախորդներ փնտրել փողոցներում:
Berliner Zeitung-ի տվյալների համաձայն՝ շատ աղջիկներ, որոնք աշխատում են Կուրֆյուրստենշտրասե փողոցում, ժամանել են Արևելյան Եվրոպայից: Սենյակների վարձակալումից խուսափելու համար նրանք նախընտրում են սպասարկել հաճախորդներին «տեղում»՝ մուտքերում, թփերում և ավտոմեքենաներում: Տեղացիները բողոքներ են ներկայացնում թաղամասի ղեկավարությանը՝ հայտնելով, որ իրենք ներարկիչներ և աղբ են գտնում այս փողոցում:










