Չինուհին կողաշրջել է հրահանգչի ավտոմեքենան վարորդական իրավունք ստանալու 8-րդ փորձի ժամանակ
Չինաստանի Ժենգ անունով բնակչուհին անդադար փորձում է մեքենա վարելու իրավունք ստանալ: Քննությունը 7 անգամ անընդմեջ տապալելուց հետո անգամ նա չի հանձնվել և որոշել է ևս մեկ անգամ փորձել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, այդ փորձն իրական փորձանք է դարձել: Առաջին իսկ շրջադարձի ժամանակ չինուհին չի կարողացել պահել մեքենայի կառավարումն ու շփոթելով ոտնակները արգելակի փոխարեն արագորեն գազի ոտնակն է սեղմել: Արդյունքում հրահանգչի մեքենան բախվել է ծառին, ապա պատին, իսկ ավելի ուշ կողաշրջվել:
Երջանիկ պատահականությամբ ոչ կինը, ոչ էլ նրա ուսուցիչը չեն տուժել: Անցորդներն օգնել են նրանց դուրս գալ շուռ եկած մեքենայից: Այդ ընթացքում կինը խոստացել է, որ էլ երբեք մեքենայի ղեկին չի նստի:










