ԱԺ մանդատը կորցնելուց հետո Զարուհի Փոստանջյանին երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար (տեսանյութ)

20:05 • 25.08.17

Երևանի քաղաքապետարանի ծախսերը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում են: Մամուլում այսօր տեղեկատվություն տարածվեց, որ քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել՝ քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները  նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան- 2799» հոբելյանական լոգոյով:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ Երևանի տոնը մենք նշենք ոչ թե կոնյակներով, այլ օրինակ` բարեկարգ քաղաքով, բարեկարգ բակերով՝առանց աղբի գարշահոտության: Նա ընդգծեց, որ «Ելք»-ը առաջարկելու է կրճատել ներկայացուցչական ծախսերը: «Ելք» խմբակցության անդամն անդրադարձավ նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կողմից երեկ կրկին իրենց հասցեին հնչեցրած քննադատությանը: Զարուհի Փոստանջյանը նաև  նշել էր, որ նշել է, որ Ելք»-ի մեջ կան արմատներ դեպի բոլշևիզմ, դեպի ԱԱԾ:

-Երևանի քաղաքապետարանը բյուջեից ծախսել է  11 մլն 850 հազար դրամ՝ «Էրեբունի-Երևան»-ի համար գնելով 500 շիշ կոնյակ: Ի՞նչ լծակ ունեն ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ծախսերը վերահսկելու համար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

-Մենք այսօր հանդես ենք գալու հարցումով՝ պարզելու, որ ծախսային հոդվածից են այդ ծախսերը իրականցվել: Ենթադրում եմ, որ դրանք ներկայացուցչական ծախսերի մեջ են ներառվում, որը ձևավորվել է 2017 թ-ի Երևան քաղաքի բյուջեով և որը ակնհայտ գերազանցում է այն ողջամիտ ծավալը, որը կարելի ունենալ այսպիսի խնդիրներով քաղաքում: Մենք մշտապես ասել ենք, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ներկայացչական ծախսերն ուռճացված են,  դրանք ժամանակին դրսևորվում էին կոնյակների, բաժակների տեսքով և այժմ փաստորեն շարունակվում են: Պետք է ձգտենք և առաջարկենք 2018-ի համար զգալի կրճատել ներկայացուցչական ծախսերը, որովհետև այն էլ այսօրվա խնդիրների ֆոնին պարտադիր չէ 10 տարվա հնեցման կոնյակ խմեն: Շատ ավելի ճիշտ կլինի Երևանի տոնը մենք նշենք ոչ թե կոնյակներով, կոնյակի թանկարժեք բաժակներով այլ նշենք օրինակ` բարեկարգ քաղաքով, բարեկարգ բակերով: Ավելի մնայուն կլինի, այդ հարցերը բնակիչներին ավելի են հուզում: Հատկապես այն ֆոնին, որ մենք ունենք տեղեկատվություն, որ Երևանի աղբահանության այսօրվա վատ վիճակը կապված է ֆինանսական խնդիրների հետ:

-Կոնյակի հետ կապված  աղմկահարույց հրապարակումներ նախկինում էլ են եղել: Երևանի փոխքաղաքապետը, անդրադառնալով ծախսերին, ասում էր, որ հյուրերի համար  են արվում:

-Հյուրերն այսօր՝ այս ամառվա տապին տեսնում են աղբի մեջ գտնվող Երևան, որտեղ աղբից ծորող ջրերը գարշահոտություն են առաջացնում բակում և ինչքան էլ խմենք, այդ գարշահոտությունը չենք կարողանա անտեսել: Ես կարծում եմ, որ այն առանցքային խնդիրները, որոնք իրապես ամենօրյա են մեզ համար, պետք է դրանք լուծենք, հետո մտածենք այլազգի հյուրերի համար ներկայանալի լինելու մասին: Ներկայացուցչական ծախսերի կարևորությունը ես չեմ թերագնահատում, բայց պիտի համաչափ լինի այսօրվա խնդիրներին, բյուջեի մյուս ծախսային հոդվածներին:

-«Ելք»-ի կողմից Երևանի  փողոցների անվանակոչության նախաձեռնության մասին խոսելիս  ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության  նախկին անդամները նշել էին, որ պատրաստ են համագործակցության, եթե առաջարկ լինի: Առաջարկ կներկայացնե՞ք:

-Ես մամուլից տեղեկացա, որ իրենք կողմ են մեր առաջարկությանը, ինչը ողջունելի է: Ես չեմ բացառում, որ երբ նախագիծը  շրջանառության մեջ դնենք, ներառվի առաջիկա նիստի օրակարգում, մենք կիրականացնենք քննարկումներ նաև այլ խմբակցությունների հետ: Նախ պիտի նախագիծը քննարկվի հանձնաժողովներում, որտեղ խմբակցությունները հավասարապես ներկայացված են և  դրական  գնահատական  ստանալու համար կարևոր են այս ներկայացուցիչների կարծիքը, քվեարկությունը:

-Ձեր առջև խնդիր դրե՞լ եք  «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամների հետ սերտորեն համագործակցելու՝ հաշվի առնելով նաև ձեր տարաձայնությունները  Զարուհի Փոստանջյանի հետ: Երեկ էլ Զարուհի Փոստանջյանը  կրկին քննադատությամբ է հանդես եկել, «Ելք»-ի առաջ  քաշած օրակարգը կոսմետիկ, նախագահականի կողմից թելադրվող անվանելով: Նա նաև նշել է, որ «Ելք»-ի մեջ կան արմատներ դեպի բոլշևիզմ, դեպի ԱԱԾ:

-Տիկին Փոստանջյանին վաղուց մեկնաբանելը արդեն իսկ անիմաստ է դարձել: Կարծում եմ նա պիտի խոսի որևէ գործունեության մասին, թեկուզ դա չլինի ավագանու անդամի գործունեությունը, որը ակնհայտորեն խորթ է իր համար: Մենք շարունակում ենք մեր աշխատանքները տանել, առաջիկա նստաշրջանին անվանափոխությունների հարցը բերվելու է օրակարգ և ինչպես արդեն ասացի, քննարկումներ կիրականացվեն այն անդամների հետ, ովքեր շահագրգռված կլինեն: Մենք, որպես բաց ուժ, համագործակցության համար պատրաստ ուժ, պատրաստ ենք քննարկել ցանկացած նախաձեռնություն, որը տեղավորվում է մեր տրամաբանության, մեր ծրագրերի շրջանակներում: Եվ ինչպես այսքան  ժամանակ  չենք բացառել համագործակցությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ, այդպես էլ չենք բացառում այդ խմբակցության նախկին երկու անդամների հետ:

-Այսինքն «Երկիր ծիրանի»-ի հետ համագործակցության դռները չե՞ն փակվել՝անկախ քննադատություններից:

-Գիտեք այնպիսի համակարգային խնդիրներ կան Երևանում, որ եթե իրենք առաջ քաշեն և դա ներկայացնեն ավագանու նստաշրջանին, ներառեն օրակարգում, մենք բնականաբար չենք բոյկոտելու, դեմ չենք լինելու: Եթե հարկ լինի, մեր առաջարկներն ենք պատրաստելու: Մենք պարզապես նշում ենք, որ քաղաքական առումով տիկին Փոստանջյանը հետևողականորեն խզում է մեզ հետ հարաբերությունները, ինչը գտնում ենք, որ միայն ի վնաս իրեն է: Մենք քինախնդրությամբ չենք վերաբերվում, ըմբռնումով ենք միշտ մոտենում, որովհետև ԱԺ պատգամավորական մանդատը կորցնելուց հետո, գուցե երկար ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: