Եթե Հայաստանում Քուրդիստանի հանրաքվեի համար էլեկտրոնային քվեարկության հնարավորություն լինի, շատ քրդեր կմասնակցեն դրան․ Կնյազ Հասանով
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի քրդական համայնքը երազում է Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ 50 միլիոնանոց քուրդ ժողովուրդը միասնական ցանկանում են, որ սեպտեմբերի 25-ին Քուրդիստանի անկախության հանրաքվեն լինի:
«21-րդ դարում մենք չունենք պետություն: Դրա համար էլ մենք պետք է աջակցենք, որ այդ հանրաքվեն անցնի բարձր տոկոսով»,- նշեց նա:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը մատնանշեց, որ այս պահին, իհարկե, հակասություններ կան Քուրդիստանի երկու ՝ Քուդիստանի դեմոկրատական և Քուրդիստանի հայրենասերների միություն կուսակցությունների միջև, սակայն դրանք հիմնականում վերաբերում են հանրաքվեի անցկացման ժամանակահատվածին: «Քուրդիստանի հայրենասերների միություն կուսակցության ղեկավարը՝ Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին , կարծում է, որ դեռ շուտ է հանրաքվեն անցկացնելու համար, պետք է հետաձգվի: Բայց Քուրդիստանի ներկայիս ղեկավարությունը՝Մասուդ Բարզանին, բոլոր դեպքերում և միանշանակ ոչինչ հաշվի չի առնում և ասում է՝ հանրաքվեն պետք է անցկացվի»,- նշեց նա՝ հավելելով, որ գուցե սփյուռքի քրդերի ազդեցության շնորհիվ Քուրդիստանի քաղաքական ուժերի միջև հակասությունները վերանան:
Հիշեցնենք, որ Իրաքի քրդերն անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն այս տարվա սեպտեմբերի 25-ին: Հայտարարվել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի կողմից՝ Քուրդիստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ գումարված հատուկ ժողովի ընթացքում:
Կնյազ Հասանովը հիշատակեց, որ շատ երկրներ, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իրանը, արաբական մի շարք երկրներ և այլն, դեմ են Քուրդիստանի անկախացմանը, իսկ որոշ գերտերություններ ոչ միանշանակ կեցվածք են ընդունել: «Եթե հանրաքվեի արդյունքներով Քուրդիստանն անկախացավ, Իսրայելը միանշանակ կճանաչի Քուրդիստանը: Ամերիկան մեկ ասում է, որ պետք է հանրաքվեն անցկացվի, մեկ էլ ասում է՝ դեռևս շուտ է և այլն: Ռուսաստանը նույնպես միանշանակ չի արտահայտվում, նորից հետաձգելու կոչեր է անում»,- նշեց նա:
Կնյազ Հասանովի խոսքով՝ հանրաքվեի արդյունքները հետագայում կարող են հիմք դառնալ ոչ միայն Իրաքի իշխանությունների, այլ նաև՝ այլ երկրների, միջազգային հանրության հետ բանակցություններ վարելու համար:
Անդրադառնալով նրան, որ խոսակցություններ կան, թե սփյուռքի քրդերի համար հնարավորություններ պետք է ստեղծվեն էլեկտրոնային քվեարկության համար, նա նշեց, որ դա դեռ հստակեցված չէ: «Եթե Հայաստանում էլեկտրոնային քվեարկության հնարավորություն լինի, շատերը կմասնակցեն դրան: Բայց ես դեռևս ստույգ տվյալներ չունեմ, թե էլեկտրոնային քվեարկություն լինելու՞ է, թե՝ ոչ: Բայց նաև պետք է հասկանալ՝ միջազգային հանրությունն այդ երևույթը ճիշտ կընդունե՞ն, թե՝ ոչ: Դա այնքան էլ Հայաստանի իշխանություններից կախված չէ: Միջազգային կառույցները դա պետք է ընդունեն: Թե այդ ժամանակ արդեն Հայաստանի իշխանությունները կամ ժողովուրդը կցանկանան դա, թե՝ ոչ, չգիտեմ»,- նշեց նա:
Կնյազ Հասանովի խոսքով՝ առավել կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, կարծիքը Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ: «Ինձ թվում է՝ Հայաստանը քրդերի հետ բարեկամական, եղբայրական կապեր ունի: Այսօր Հայաստանը Քուրդստանում հյուպատոսություն է բացել, (նկատի ունի ՀՀ Նախագահի հրամանագրով Էրբիլ քաղաքում բացված գլխավոր հյուպատոսարանը-խմբ.) քաղաքական և առևտրային կապեր կստեղծի երկու երկրների միջև: Ինձ թվում է, որ հայ և քուրդ ժողովուրդները ձեռք են մեկնում մեկը մյուսին: Երբ Բաղդադում պայթյուններ եղան, այնտեղի հայերի մեծամասնությունը թողեց, գնաց Քուրդիստան, և այսօր այնտեղ 4000-5000 հայ կա: Քուրդիստանի խորհրդարանում էլ վերջերս մի հայ պատգամավոր ընտրվեց»,- նշեց նա՝ նկատելով, որ երկու ժողովուրդների միջև ջերմ, բարեկամանական վերաբերմունքը փոխադարձ է:










