Նորք-Մարաշի զինված խմբի դատական նիստը հետաձգվեց.ամբաստանյալը վիրահատվել է

12:30 • 25.08.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստը կրկին չմեկնարկած հետաձգվեց:

Դատավորն ասաց, որ օգոստոսի 22-ին վիրահատվել է ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվում է: Դատարան չէին բերվել գործով կալանավորված մյուս ամբաստանյալները,դատավարության մյուս կողմերը ևս չէին ներկայացել դատական նիստին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի մեկին:

Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: