Մենք խնդիր ունենք Հայաստանում բազմապատկելու մեր գաղափարները. Մանե Թանդիլյանը՝ Հայաստանում լիբերալ քաղաքական դպրոցի հիմնման մասին
Tert.am –ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնում է Լիբերալ քաղաքական դպրոց ստեղծելու շարժառիթներին, դրա ֆինանսավորման աղբյուրներին և հարցին՝ արդյոք մրցակցելո՞ւ են հանրապետականների հետ՝ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքագիտական դպրոցի հետ մրցակցության ձևաչափում գոնե:
- Տիկին Թանդիլյան, ինչպե՞ս առաջացավ Լիբերալ քաղաքական դպրոց հիմնելու հիմնելու գաղափարը, քանի որ տեսակետ կա, թե ոգևորված եք ՀՀԿ-ի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի օրինակով:
- Քաղաքական դպրոց հիմնելու գաղափարը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման հենց սկզբից, քանի որ մեր նպատակների իրականացման համար պետք է կարողանանք տարածել, ուսուցանել գաղափարներն ու արժեքները, որոնք դավանում ենք: Մենք բռնել ենք Հայաստանում լիբերալիզմի զարգացման ճանապարհը և ցանկանում ենք պատրաստել այնպիսի կադրեր, որոնք հասկանում են լիբերալիզմի էությունը և կարող են այն կիրառել քաղաքականության մեջ:
Գիտեք, որ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը կուսակցություն դառնալուց ի վեր ակտիվորեն ներգրավված է եղել ընտրական գործընթացներին՝ թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակներում: Սա է պատճառը, որ այդ նախաձեռնությունը հետաձգվել է: Այսօր արդեն այն կյանքի է կոչվում «Լուսավոր Հայաստանի» անդամների գործուն մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Բազմաթիվ կազմակերպչական հարցեր կան, որոնք բավականին ժամանակատար են: Դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը իր ստեղծագործ ներուժով և լիբերալ մտածողությամբ լավագույնս կիրագործի «Լուսավոր Հայաստանի» այս գաղափարը՝ հիմնելու Հայաստանում առաջին լիբերալ քաղաքական դպրոցը:
- Ֆինանսավորումը որտեղի՞ց է, բազմիցս Ձեր կուսակցությանը մեղադրում են շքեղ գրասենյակներ ունենալու ու այլնի մեջ: Դուք մշտապես ասում էիք, որ այդ փողերը Ձեր դրամահավաքներից են, բայց ԼԿ-ն վաղուց դրամահավաք չի կազմակերպել:
-Կուսակցությունն ունի երկու գրասենյակ՝ Երևանում և Վանաձորում: Բոլորին հրավիրում են իրենց ուրույն կարծիքը կազմելու այս «շքեղ» եզրույթի վերաբերյալ : Ինչ վերաբերում է դպրոցի ֆինանսավորմանը, ապա այն լինելու է կուսակցության միջոցների հաշվին: Մեր ֆինանսավորման աղբյուրները միշտ եղել են թափանցիկ և մնալու են այդպիսին: Ֆինանսավորման այդ աղբյուրներից էլ միջոցներ կհատկացվեն դպրոցի զարգացման համար: Մեծ միջոցներ դպրոցը չի նախատեսում, իսկ դրամահայթայթման երեկոները կսկսվեն արձակուրդային սեզոնից հետո:
- ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը Ձեզ մրցակից լինելո՞ւ է, թե՞ տարբերվելու եք, և ինչո՞վ:
-Մենք տալու ենք բարձր մակարդակի կրթություն այն ոլորտներում, որոնք կսահմանվեն առաջնային: Չեմ կարծում, որ այս կամ այն կառույցի հետ դպրոցը մրցակցելու խնդիր պետք է դնի իր առջև: Համոզված եմ, որ այլընտրանքների և բազմազանության միջից է ծնվում որակը:
-Ովքե՞ր են ընդգրկված լինելու դասախոսական կազմում, «Ելք» դաշինքի առաջնորդներին կամ անդամներին կտեսնե՞նք այնտեղ:
-Կլինեն ինչպես «ԵԼՔ» դաշինքի անդամները, այնպես էլ այլ քաղաքական գործիչներ, դասախոսներ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ: Մեր նպատակն է տալ որակյալ կրթություն և կհրավիրենք դպրոցում դասավանդելու որակյալ մասնագետների:
-Դասախոսները կվարձատրվե՞ն:
-Վարձատրության հարցն առայժմ քննարկման փուլում է, բայց մենք ունենք բազմաթիվ ընկերներ, ովքեր արդեն իսկ սիրով առաջարկել են իրենց աջակցությունը:
- Կլինե՞ն հրավիրված դասախոսներ ՀՀԿ-ից, ՀԱԿ-ից:
-Դասախոսներ ինքնանպատակ չենք հրավիրելու և ոչ էլ ելնելով՝ կուսակցական պատկանելությունից: Այս պահին Ձեր նշած կուսակցություններից և ոչ մեկից հրավիրված դասախոսներ չունենք:
-Ինչո՞ւ է դիմորդների տարիքային խումբը 18-30 տարեկան ընտրվել: Ի դեպ՝ սոցիալական ցանցերում ևս քննարկման առարկա դարձավ այս հարցը: Օրինակ՝ ասվում է, որ մի կողմից տարիքային ցենզ է սահմանվում, մյուս կողմից, օրինակ՝ Դուք քաղաքականություն եք մտել երեսունն անց տարիքում:
- Դպրոցի խնդիրն է առավելապես նոր սերնդի ներկայացուցիչներին կրթություն տրամադրելը: Գուցե հետագայում որոշ փոփոխություններ կատարվեն և տարիքային շեմը բարձրացվի, սակայն մենք ընտրել ենք 18-30 տարեկան երիտասարդների տարիքային շեմը: Միաժամանակ, լիբերալ դպրոցի հիմնումը ամենևին չի նշանակում, որ բացառապես այդ դպրոցների շրջանավարտները կարող են զբաղվել քաղաքականությամբ և այդ իմաստով՝ տարիքային համեմատությունը հիմնավորված չէ: Բացի դրանից՝ դպրոցի տնօրինությունը կքննարկի առանձին դեպքեր տարիքային շեմի հետ կապված: Այնպես որ, ես կոչ կանեի դիմել, եթե մեծ ցանկություն և մոտիվացիա կա այդ դպրոցում սովորելու:
- Երբ ՀՀԿ-ն քաղաքական դպրոց հիմնեց տեսակետ կար, որ կադրային ռեսուրսի խնդիր ունի: Հիմա դուք կանգնած չե՞ք նման խնդրի առաջ, կադրային ռեսուրսի պակաս չե՞ք զգում կուսակցությունում:
-Մենք խնդիր ունենք Հայաստանում բազմապատկելու մեր գաղափարները, ուսուցանելու լիբերալիզմի, ինչպես նաև քաղաքականության այն սկզբունքներն ու արժեքները, որոնք մենք ենք դավանում: Խոշոր հաշվով, այս ամենը միտված է Հայաստանում ամուր ժողովրդավարություն հաստատելուն, իսկ դրա համար հարկավոր են այնպիսի մարդիկ, ովքեր կրողը կլինեն ժողովրդավարության սկզբունքների ու արժեքների:










