Բաքվում ձերբակալվել է «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը

11:36 • 25.08.17

Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական «Թուրան» անկախ տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը՝ հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն «Թուրանն» Ադրբեջանում միակ անկախ տեղեկատվական գործակալություն է անվանել և կոչ արել դադարեցնել դրա աշխատակիցների նկատմամբ հարձակումները:


Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Ալիևը տեղափոխվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչություն: Նա հայտնել է լրագրողներին, որ խափանման միջոցի մասին դատը պետք է կայանա 48 ժամվա ընթացքում:


Անցած շաբաթ Ալիևը հայտնել է AFP գործակալությանը, որ երկրի իշխանությունները սառեցրել են իրենց հաշիվները: Ադրբեջանի հարկային նախարարության ներկայացուցիչները նաև խուզարկումներ են իրականացրել գործակալությունում և առգրավել են ֆինանսական փաստաթղթերը: