Մահմեդական տղամարդն անծանոթների հետ գրկախառնության ակցիա է իրականացրել Բարսելոնայի ահաբեկչության վայրում (լուսանկարներ, տեսանյութ)

10:18 • 25.08.17

Մահմեդական տղամարդը փորձել է ցրել Բարսելոնայի ահաբեկչական հարձակումից հետո տիրող լարված մթնոլորտը և գրկախառնվել է անծանոթների հետ Լաս Ռամբլաս փողոցում, գրում է The Daily Mail-ը:


Տեսանյութում տղամարդը կանգնած է քաղաքի կենտրոնում՝ այն վայրի մոտ, որտեղ արագության տակ ֆուրգոնը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, իսկ նրա կողքին դրվել է հետևյալ գրությունը՝ «Ես մահմեդական եմ, ես ահաբեկիչ չեմ, ես սեր և խաղաղության գրկախառնություններ եմ բաժանում»:


Կարելի է տեսնել, թե ինչպես են նրան պարբերաբար մոտենում կանայք ու տղամարդիկ՝ գրկախառնվելով նրա հետ: Տասնյակ այլ մարդիկ շրջապատում են նրան, ծափահարում ու ողջունում նրա քայլը:


Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և ավելի քան 5,7 միլիոն դիտում գրանցել:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  


Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել էր 1 զոհի մասին։ Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:


Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:


Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունները 15 մարդու կյանք են խլել և վնասվածքներ են հասցրել 100-ից ավելի մարդու:

 

 

A Muslim man hugs a stranger in the middle of Las Ramblas, the same spot where a van ran into a crowd of people

Strangers welcomed the Muslim man's gesture of solidarity, embracing him in a hug 

Acts of kindness like this have been apparent since the Paris terror attacks in 2015

Scenes like this have been shared over social media and viewed millions of times