Պետքարտուղարությունը հայտնել է Կուբայում տուժած 16 ամերիկացի դիվանագետի մասին
Կուբայում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով տուժել է ԱՄՆ դեսպանատան 16 աշխատակից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հրաժարվել է խոսել միջադեպերի բնույթի մասին և թե ով կարող էր դրանք կազմակերպած լինել:
«Ես չեմ կարող ձեզ ասել՝ ով է դրան ներգրավված: Հետաքննությունը շարունակվում է: Մենք ցանկանում ենք գտնել մեղավորներին և նրանց պատասխանատվության ենթարկել»,- ասել է Նոյերթը:
Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել է, որ Հավանայում աշխատող ամերիկացի և կանադացի դիվանագետներին հետազոտող բժիշկը նրանց մոտ ախտորոշել է գանգուղեղային թեթև վնասվածքներ և ենթադրաբար կենտրոնական նյարդային համակարգի վնասում:
Պետքարտուղարությունը նշել է, որ «միջադեպերը» սկսել են տեղի ունենալ՝ սկսած 2016 թվականի վերջից:
Կայքը գրում է, որ մի քանի ամիս շարունակ Վաշինգտոնը և Հավանան քննարկել են «ակուստիկ հարձակումների» հարցը: Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ դիվանագիտական ծառայողների տներում խուզարկումներ են անցկացվել, սակայն սարքեր, որոնք նման բնույթի հարձակումներ կարող էին իրականացնել, չեն հայտնաբերվել:










