Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է ընդառաջ գնալ ԻՊ-ի զինյալների խնդրանքին ու բանակցություններ վարել

10:07 • 25.08.17

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է ընդառաջ գնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների խնդրանքին և բանակցություններ սկսել վերջիններիս հետ Սիրիայի տարածքում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: 

Շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան արաբական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող ԻՊ ահաբեկիչների դեմ կրակը չի դադարեցվի՝ մինչև բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք որոշման կայացումը: Իսկ բանակցությունների ընթացքն արդեն որոշակիորեն հայտնի է. կրակը դադարեցնելու «Հեզբոլլահ»-ի գլխավոր պայմանն է ահաբեկիչների՝ տարածքը լքելը, ինչպես նաև առևանգված լիբանանցի զինվորների մասին տեղեկությունների տրամադրումն ու նրանց ազատ արձակումը:

Ըստ շիական շարժման ղեկավարի՝ «Հեզբոլլահ»-ը սիրիական բանակի հետ համատեղ գործողություններում արդեն ազատագրել է ԻՊ-ի կողմից զավթված և Լիբանանի հետ սահմանին գտնվող 310 ք/կմ տարածքից 270 ք/կմ-ն: Նա նաև հայտնել է, որ սահմանին գտնվող ԻՊ-ականները խուճապի մեջ են և պատրաստ են ցանկացած բանակցության:

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ լեռնային շրջաններում որոշումը կլինի ուժային, և դրա պատճառն ԻՊ ղեկավարների մտածելակերպն է: Ես դիմում եմ ԻՊ-ի առաջնորդներին՝ մարտի ավարտը կանխորոշված է, դա ընդամենը ժամանակի հարց է»,  - ասել է Նասրուլլան: