ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ղեկավար պաշտոններ ունենալը հնարավորություն է տալիս հիմքից այդ կառույցներն ուղղել մեզ ձեռնտու ճանապարհով. Հ. Մելիք-Շահնազարյան

13:22 • 25.08.17

Հայաստանը վերջին շրջանում ակտիվացնում է իր քաղաքականությունը հատկապես տարածաշրջանային հարցերում: Այսպիսի եզրակացություն է արել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ հաշվի առնելով ամռան երկրորդ կեսի քաղաքական ակտիվությունը:

«Ժամերի տարբերությամբ հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ երկու երկրի նախագահների հետ: Ամսվա սկզբին էլ հանդիպեց Իրանի նորընտիր նախագահի հետ, մասնակցեց Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը»,-հիշեցրել է քաղաքագետը:

Անդրադառնալով Սոչիում կայացած ՀՀ-ՌԴ նախագահների հանդիպմանը՝ նա ասել է, որ հիմնական շեշտադրումները տարածաշրջանային համագործակցությանն էին վերաբերում, ինչպես նաև տարբեր կառույցներում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ գործունեության քաղաքականությանը, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին:

Հանդիպման արդյունքների մասին խոսելիս՝ քաղաքագետն առանձնացրել է ռազմական ոլորտում համագործակցությունը և ընդգծել է ռազմատեխնիկական համագործակցության մասին երկու երկրի ղեկավարների հայտարարությունը. «Ըստ էության, մենք կարող ենք դատողություններ անել միայն նախագահների այդ կարճ հայտարարությունների և կրեմլամերձ լրատվամիջոցների շեշտադրումների հիման վրա: Կարծում եմ, որ շուտով կտեսնենք այդ պայմանավորվածությունների արդյունքները: Մեծ հաշվով, երկու երկրի ղեկավարների խոսքի էությունը և զրույցները տարածաշրջանային անվտանգության շուրջ էին: Այդ կոնտեքստում հենց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շեշտադրումն իսկապես հետաքրքիր է»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ հանդիպմանն առանցքային է եղել նաև ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր և հիշեցրել, որ այդ կառույցներում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի ներկայացուցիչները:

«Հենց այդ կառույցների հետագա զարգացման հարցում դա լրացուցիչ կարևորություն է տալիս պաշտոնական Երևանի դիրքորոշմանը: Ես վստահ եմ, որ առաջիկայում նմանատիպ այլ հանդիպումների ականատես կլինենք և ոչ միայն ՌԴ ղեկավարի, այլ նաև ՀԱՊԿ կամ
ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ, որովհետև այդ կառույցների կայացման փուլում Հայաստանը ստանձնել է ղեկավարությունը: Սա մեզ լավ հնարավորություն է տալիս հիմքից կառույցներն ուղղելու այն ճանապարհով, որը մեզ համար ավելի ձեռնտու և նպաստավոր կարող է լինել»,-եզրափակել է քաղաքագետը: