Կանադայում ռեստորանի հաճախորդը ստիպված է եղել հավելավճար մուծել ասիական արտաքինի պատճառով

17:38 • 25.08.17

Կանադական Քվեբեկ քաղաքի ռեստորաններից մեկի հաճախորդի չեկի մեջ հավելավճար է ներառվել նրա ասիական արտաքինի պատճառով: Այս մասին հայտնում է The Georgia Straight պարբերականը:

Ինչպես նշել է Վանկուվերում բնակվող և Կանադայի քաղաքացիություն ունեցող չինացի Մելվին Պանը, միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ օգոստոսին:

Տղամարդու խոսքով՝ ինքն ընկերուհու հետ ընթրելիս է եղել ռեստորանում, և երբ նրանց ներկայացվել է հաշիվը, պարզվել է, որ դրա մեջ ներառվել է սպասարկման վճարը՝ ընդհանուր հաշվի 15 տոկոսը:

Պանը պատմել է, որ սա զարմացրել է իրեն, սակայն նա վճարել և լքել է ռեստորանը: Ավելի ուշ նա ցանկացել է պարզել՝ արդյոք այդ ռեստորանը հավելավճար է վերցնում բոլոր հաճախորդներից:

Տղամարդը հայտնաբերել է, որ ռեստորանի կայքում հավելավճարի վերաբերյալ տեղեկություններ չկան. նա վերադարձել է հաստատություն և պարզաբանումներ պահանջել: Մենեջերը բացատրել է, որ 15 տոկոս հավելավճարն ինքնաբերաբար ներառվում է Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից հյուրերի համար:

Ռեստորանի աշխատակցի խոսքով՝ այդ երկրներում թեյավճար թողնելու սովորույթ չկա, և այս կերպ ռեստորանը երաշխավորում է, որ մատուցողները ստանան այս գումարը նույնիսկ ասիացի հաճախորդներից:

Պանը բացատրել է, որ ինքը Կանադայի քաղաքացի է, և ռեստորանը վերադարձրել է 15 տոկոսը: Չինացին նաև նշել է, որ ինքն անգլերեն է խոսում առանց որևէ ակցենտի և գարշելի միջադեպ է անվանել տեղի ունեցածը: